Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը երեքշաբթի հայտարարել է, որ Եգիպտոսը պետք է կառավարի Գազայի հատվածը պատերազմի ավարտից հետո առնվազն ութ տարի՝ պարտքի զանգվածային կրճատման դիմաց, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Լուծումն այն է, որ Եգիպտոսը ստանձնի Գազայի հատվածը ութ տարով կառավարելու պատասխանատվությունը՝ այն մինչև 15 տարի երկարացնելու հնարավորությամբ», - ասել է նա Վաշինգտոնում տեղակայված Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ»  (FDD) վերլուծական կենտրոնին։

«Միևնույն ժամանակ, նրա արտաքին պարտքը կմարվի միջազգային հանրության և տարածաշրջանային դաշնակիցների կողմից»,- նշել է Լապիդը։

Նա նշել է, որ Եգիպտոսը պետք է ղեկավարի «խաղաղապահ ուժը»՝ բաղկացած Պարսից ծոցի երկրներից և միջազգային հանրությունից՝ «կառավարելու և վերականգնելու համար Գազայի հատվածը»:

«Այս ընթացքում Գազայում պայմաններ կստեղծվեն ինքնակառավարման համար, և կավարտվի Գազայի ամբողջական ապառազմականացման գործընթացը»,- ասել է նա։