Ֆրանսիան 2024թ. հոկտեմբերից Ուկրաինայի հետ քննարկում է իր պաշտպանական արդյունաբերության համար հումքային ռեսուրսների մշակման հարցը, հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնյուն։

Լեքորնյուն Franceinfo-ի հարցազրույցում ասել է, որ անցյալ աշնանը Փարիզ կատարած ուղեւորության ժամանակ Վլադիմիր Զելենսկին է իր «հաղթանակի ծրագրում» մտցրել հումքային ռեսուրսների հարցը։ Նա ավելացրել է, որ Զելենսկին «մի շարք առաջարկներ» է արել ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ Ֆրանսիային։ «Վլադիմիր Զելենսկին եւ նրա թիմը հասկացել են, որ հումքային ռեսուրսների հարցը կարող է դառնալ մեզ հետ կայունություն ստեղծելու գործարքի տարրերից մեկը։ Այսպիսով, նախագահ Թրամփը չի սա ամբողջությամբ հորինել, քանի որ հենց ուկրաինացիներն են հանդես եկել այդ նախաձեռնությամբ»,- ասել է Լեքորնյուն:

Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրեն խնդրել է «բանակցությունների մեջ մտնել նաեւ ուկրաինացիների հետ»։ Նախարարը պարզաբանել է, որ ֆրանսիական պաշտպանական արդյունաբերության համար առաջիկա 30-40 տարիներին կպահանջվի հումք, եւ Ֆրանսիան պետք է դիվերսիֆիկացնի նման ռեսուրսների ներմուծումը:

Ընդ որում, ի տարբերություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նշել է Լեքորնյուն, Ֆրանսիան Ուկրաինայից չի պահանջել ոչ մի վերադարձ հանքանյութերի տեսքով այն օգնության համար, որը Փարիզը տրամադրել է պատերազմի ընթացքում։