ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է էապես կրճատել Պետդեպարտամենտի աշխատակիցների թիվը, ամերիկյան դիվանագիտական առաքելությունների թիվը, ինչպես նաև սահմանափակել արտաքին քաղաքականության գերատեսչության լիազորությունների շրջանակը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Հրատարակության համաձայն՝ ամերիկյան վարչակազմի ղեկավարը մտադիր է ապահովել, որ Պետդեպարտամենտը կենտրոնանա կառավարական գործարքների կնքման, ԱՄՆ անվտանգության ապահովման, ինչպես նաև երկիր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու վրա։ Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը ենթադրում է, որ Պետդեպարտամենտը կկրճատի կամ կվերացնի այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են «ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և գիտական հետազոտությունների աջակցության համար»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ըստ թերթի, պատրաստ է կրճատել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների «զգալի թիվ»։ Մասնավորապես, հյուպատոսություններ կարող են փակվել Ռենում, Լիոնում, Ստրասբուրգում, Բորդոյում, Դյուսելդորֆում, Լայպցիգում, Համբուրգում, Ֆլորենցիայում, Պոնտա Դելգադայում և Բելու Օրիզոնտեում։
Այդ փոփոխությունները կհանգեցնեն Պետդեպարտամենտի «պատմական վերակառուցմանը», նշում է թերթը։ Միևնույն ժամանակ այն ընդգծում է, որ Թրամփը նման ծրագրեր է մշակում ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) և դրա աշխատանքը վերահսկող ձեռնարկատեր Իլոն Մասկի ազդեցության ներքո։





























