Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի 2011 թվականի բակերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Էրեբունի վարչական շրջանում իրականացված երկու բակերի, ինչպես նաեւ Նոր Արեշի 7-րդ եւ 9-րդ փողոցների հատման մասում կառուցված պուրակի բացմանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինը նախկինում լքված ու ամայի տարածք է եղել ու, ինչպես նկատել են հարակից տարածքի բնակիչները, գարնանը, երբ կանաչապատվի եւ սկսեն գործել նաեւ շատրվանները, պուրակն ուղղակի դրախտային տեսք կունենա: Ի դեպ, անցկացված է նաեւ ոռոգման ցանց, եւ արտաքին դեկորատիվ լուսավորության համակարգ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է գարնանը ոռոգման ցանցը հասցնել նաեւ հարակից դպրոցի տարածք, ինչպես նաեւ ընթացք տալ բնակիչներից մեկի կողմից բարձրացված իրենց բակի բարեկարգման խնդրանքին:
Այնուհետ քաղաքապետն այցելել է Ռոստովյան-15 եւ Մուրացանի-109 շենքերի ու Արցախի 22 կոտորակ 1, 24 եւ 24 կոտորակ 1 շենքերով պարփակված բակային տարածքներ ու մասնակցել բարեկարգված բակերի հանդիսավոր բացմանը: Այս բակերում էլ տեղադրվել են նստարաններ ու նոր զրուցարաններ, խաղահրապարակները սալապատվել ու բերվել են պատշաճ տեսքի: Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքից, Տարոն Մարգարյանը շնորհավորել է բնակիչներին նորոգված բակերի վերաբացման կապակցությամբ:
«Իրոք, որ շատ գեղեցիկ տեսք են ստացել բակերը: Մնում է, որ խնամքով վերաբերեք ու պահպանեք այս գեղեցկությունը սիրելի բնակիչներ: Մեզանից յուրաքանչյուրի հոգատարության արդյունքում մի օր անպայման մեր սիրելի Երեւանի հյուրերի մոտ կհպարտանանք մեր քաղաքի մաքրությամբ ու բարեկարգ տեսքով: Եվ ես վստահ եմ, որ այդ օրը շուտ է գալու»- նշել է Տարոն Մարգարյանը:
Բնակիչներն էլ, իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար, վստահեցրել են քաղաքապետին, որ աչքի լույսի պես են պահելու իրենց բակերն ու խնդրել են վարչական շրջանի դեռեւս չբարեկարգված բակերը եւս կարգի բերել, ինչին ի պատասխան քաղաքապետը վստահեցրել է, որ բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական:




























