«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 23-ին կազմակերպում է ամանորյա բարեգործական միջոցառում`աճուրդ, որը նպատակ ունի աջակցել քաղցկեղային եւ հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին:

Ինչպես NEWS.am-ն այս մասին տեղեկանում է բանկի կայքից, աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ եւ դրամական օգնության խիստ կարիք են զգում:

«Կոչ ենք անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիա» խմբի նախաձեռնությանը, մասնակցել բարեգործական ցուցհանդես-աճուրդին կամ հանդես գալ առանձին հանգանակությամբ: Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի օգնել քաղցկեղային եւ հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին, ովքեր այս պահին ունեն դրա խիստ կարիքը, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում, պայքար, որի ելքը կախված է մեր բոլորի ֆինանսական ու բարոյական աջակցությունից:

Միասնաբար օգնենք կյանքի համար պայքարող մեր մանուկներին»,-մասնավորապես նշված է հայտարարությունում:

Տեղեկացնենք, որ աճուրդին կներկայացվեն հայ անվանի մի շարք անձանց կողմից ստեղծված նկարներ: Նրանց շարքում են Լեւոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ազատ Գասպարյանը, Լեւոն Մալխասյանը,Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Յակոբ Զարգարյանը, Հայկ Դեմոյանը, Շուշան Պետրոսյանը, Գեղամ Գրիգորյանը, Անդրեն, Արամոն, Նունե Եսայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Խանդիկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա Գեւորգյանը, Էդուարդ Թոփչյանը եւ այլք: