Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, թե ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ դուրս գան բանակցային գործընթացից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Հայ Արիական Միաբանությունը, ելնելով Մադրիդյան սկզբունքների հակահայկական սկզբունքներից եւ Արցախի հայ բնակչության գլխին կախված միջազգային դավադրության հերթական վտանգից, հայտարարում է.

1. ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ դուրս գան բանակցային գործընթացից եւ սատարեն Արցախ-ԼՂՀ-ին՝ իր անկախությունն ու սահմանադրական իրավունքները պաշտպանելու հարցում:

2. Արցախ-ԼՂՀ-ի իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ադրբեջանի հետ պետք է մտնեն բանակցությունների մեջ միայն այն դեպքում, երբ կհարգվի երկրի անկախությունն ու Սահմանադրությունը (որտեղ ամրագրված է նաեւ ազատագրված տարածքների հարցը):

3. Որեւիցե այլ, ոչ ձեռնտու տարբերակի դեպքում եւ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները պետք է հրաժարվեն միջազգային շփումներից եւ մեզ բարեկամ պետությունների հետ պատրաստվեն պատերազմի, որը կարող է սկսվել ոչ մեր կողմից: Այստեղ հստակորեն կերեւակվի, թե ԱՊՀ երկրների ընդհանուր պաշտպանության փաստաթուղթն ինչ արժեք ունի…

4. ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը (կամ վերամիավորումը Հայաստանին) եւ դիվանագիտական քայլեր ձեռնարկի այլ երկրների կողմից այդ ճանաչումը միջազգայնացնելու ուղղությամբ»:

Հայ Արիական Միաբանությունը նկատել է, որ եթե ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանելու Արցախ-ԼՂՀ-ի ժողովրդի անկախությունն ու ապահովելու արցախցիների անվտանգությունը, ապա պետք է հրաժարական տան՝ տեղը զիջելով առավել ազգային ու կարծր դիրքորոշում ունեցողներին: