Որոշում է կայացվել, որ Ամուլսարը պետք է շահագործվի, չնայած բազմաթիվ մարդիկ արդեն նաև այստեղ նստած ասում էին, որ դա հանցագործություն է, անթույլատրելի է, Լենա Նազարյանի ականջն էլ կանչի: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Դուք իշխանություն գալուց հետո, 2018 թվականից հետո կես միլիոն դոլար տվել եք հետազոտություն անելու համար և որը չի փարատել բնապահպանական ռիսկերը։ Իսկ եթե փարատել է, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է Ամուլսարի շահագործումը հիմա իրականացվում և ոչ թե օրինակ հինգ, վեց կամ յոթ տարի առաջ»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ քաղաքացիները ի դեմս կառավարության ունեն բաժնեմաս Ամուլսարի նախագծում: Այո, այդ թվում ձեր նշած հետազոտության արդյունքում բնապահպանական խնդիրներ են բարձրացվել, այդ բնապահպանական խնդիրները ավելի համապարփակ ենք ընկալել,  այդ խնդիրներին տրվել են համապատասխան պատասխաններ, որոնք համարվել են վստահելի, ազդակիր համայնքների համար ձևավորվել են լրացուցիչ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական, և հետևաբար կարծում ենք, որ ծրագրի գործարկումը լավ է և տնտեսական առումով, և սոցիալական առումով, շրջակա միջավայրի և բնապահպանական առումով, վերահսկելի է և ստանդարտների մեջ է լինելու: Գնացել ենք երկար ճանապարհով:

Ամուլսարի պարագայում, սա այն դեպքերից է, որ ես կարծում եմ, որ ժամանակը չի վատնվել։ Ամուսայի դեպքը հենց այն դեպքն է, որ գնացել ենք քայլ-քայլ, հետևողական, հավասարակշռված, լսելով, ուշադիր լինելով, մտահոգություններին երկրորդ, երրորդ անգամ անդրադառնալով, ՀՀ պետական շահերը սպասարկելով, Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված մտահոգությունները սպասարկելով, Հայաստանի քաղաքացիներին բաժնեմասով օժտելով, համայնքներին ֆինանսական կայուն եկամուտներով օժտելով, այնպես որ Ամուլսարի նախագիծը իրականում շատ լավ նախագիծ է»:

Աննա Գրիգորյանն էլ արձագանքեց. «Ամուլսարի մասով ի՞նչ հետազոտության վրա եթ հղում կատարել, որով ապացուցվել է, որ բնապահպանական ռիսկերը վերացված են։ Եվ երկրորդը, 150 միլիոն դոլար տրվել է կառավարության երաշխիքով բանկերից: Այսինքն բանկը ինքնին պատրաստ չի եղել այդ գումար տրամադրի Ամուլսարի շահագործմանը։ Նա ասում է կառավարություն, ինձ երաշխիք տուր, որովհետև ես այդպես ռիսկ եմ տեսնում։

ԱՆԻՖ-ով ձեր ղեկավարությամբ 70 միլիոն դոլար վատնվել է, բա որ վաղը մյուս օրն էլ գաք ասեք՝ հարգելի հերոս հարկատու, 150 միլիոն դոլար էլ այս ծրագրով ենք վատնել»: