Մեկ շաբաթ անց այն բանից, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդգնեց առճակատման գնալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և Օվալաձև աշխատասենյակում հայտնվեց պայթյունավտանգ հանդիպման կենտրոնում, Ուկրաինայի նախագահը փորձում է վերականգնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, մինչդեռ Սպիտակ տունը ճնշում է գործադրում Ռուսաստանի հետ պատերազմը հնարավորինս արագ ավարտելու համար, գրում է The Washington Post-ը։

Ուրբաթ օրը, այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարված հասցրեց Ուկրաինային, Թրամփը հայտարարեց, որ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր, լայնածավալ պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանելու հարցը, մինչև հրադադարի և վերջնական համաձայնության հասնելը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ հազվագյուտ սպառնալիքը հուշում է, որ Զելենսկիի ջանքերը կարող են արդյունք տալ: Սակայն մի քանի ժամ անց Թրամփը, թերևս, նորից փոխեց իր դիրքորոշումը՝ կրկնելով իր պնդումը, թե Կիևի դիրքերը թույլ են, ընդգծում է լրատվամիջոցը։

The Washington Post-ն ընդգծում է, որ Զելենսկին, որը ղեկավարում է Ուկրաինան Ռուսաստանի հետ ավելի քան երեք տարվա պատերազմի ընթացքում, այժմ գտնվում է իր նախագահության քաղաքականապես ամենավտանգավոր պահերից մեկում: Օվալաձև աշխատասենյակում «պայթյունից» հետո Թրամփը հետաձգեց Կիևի հետ հանքարդյունաբերության մասին համաձայնագրի ստորագրումը, դադարեցրեց ռազմական աջակցությունը և սահմանափակեց հետախուզական տվյալների տրամադրումը. քայլեր, որոնք միայն օգնում են Ռուսաստանին մարտի դաշտում:

«Մինչդեռ նրա շրջապատն այս ժամանակն օգտագործեց Զելենսկիի ներքին քաղաքական մրցակիցների հետ բանակցություններ սկսելու համար, ինչը կարող է խաթարել նրա առաջնորդությունը, քանի որ նրանք բարձրացնում են պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացման վիճելի հարցը, ինչը կխախտի երկրի սահմանադրությունը ռազմական դրության պայմաններում»,- գրում է լրատվամիջոցը։

Շատերի համար Թրամփին և փոխնախագահ Ջ. Դ․ Վենսին դիմակայելու Զելենսկիի պատրաստակամությունը ցույց տվեց նրա վճռականությունն ու արիությունը, քանի որ նրա երկրի երբեմնի ամենահավատարիմ դաշնակիցն ավերիչ պատերազմում հանկարծ վերածվեց ընդամենը չեզոք միջնորդի։ Ուրբաթ օրը հրապարակված հարցման տվյալներով, ուկրաինացիների վստահությունը Զելենսկիի նկատմամբ 57 տոկոսից հասել է 67 տոկոսի՝ Կիևի և Վաշինգտոնի միջև լարվածության սրումից հետո երեք շաբաթվա ընթացքում:

Սակայն մյուսները կարծում են, որ աղետալի հանդիպումը հանգեցրեց Թրամփի պատասխան գործողությունների, և որ ուղևորությունը, որը նախատեսվել էր երկու առաջնորդների միջև աճող լարվածության պայմաններում, լուրջ սխալ էր:

Երեքշաբթի օրը՝ Կոնգրեսում Թրամփի ելույթից ժամեր առաջ, Զելենսկին երկար հաղորդում հրապարակեց X-ում, որում նա վերահաստատում էր Ուկրաինայի հավատարմությունը խաղաղությանը, Սպիտակ տան հանդիպումը անվանում էր «ափսոսանքի արժանի» և առաջարկում մասնակի զինադադար՝ որպես խաղաղ բանակցությունների առաջին քայլ:

Հաղորդման տեքստը, որը ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի վկայությամբ, Զելենսկին գրել է երեք այլ անձանց հետ երեք ժամվա ընթացքում, «շատ դրական» նախնական արձագանք է ստացել:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ նույն երեկոյան Կոնգրեսի համատեղ նիստում իր ելույթում Թրամփը ձեռնպահ է մնացել Զելենսկիին քննադատելուց, ինչը, ըստ խնդրին ծանոթ մի քանի անձանց, թեթևացման ալիք է բարձրացրել Կիևի նախագահական գրասենյակում։

Դրանից հետո Վաշինգտոնը և Կիևը պայմանավորվել են հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում նախնական խաղաղ բանակցությունների նպատակով իրենց պատվիրակությունների հանդիպման մասին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հարաբերությունները, գոնե, որոշակիորեն բարելավվել են: