Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Իմրալը կղզի այցելած քուրդ պատգամավորների հետ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Mıllıyet-ը, Թուրքիայի նախագահն իր կուսակցության խմբակցության հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Էրդողանին հարցրել են, թե արդյոք նա համաձայն է հանդիպել Օջալանի հետ հանդիպած քրդական DEM կուսակցության պատգամավորների հետ, ինչին Էրդողանն արձագանքել է, որ եթե քուրդ պատգամավորները հանդիպում ուզեն, ինքը ժամանակ կգտնի հանդիպելու համար։

DEM կուսակցության պատգամավորներից Սըրրը Սուրեյա Օնդերը հայտարարել է, թե իրենք մոտ օրերս Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը կուղարկեն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ DEM կուսակցության պատգամավորները Իմրալը կղզուց վերադառնալուց հետո հայտնել էին PKK –ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որում կոչ էր արվում PKK–ի զինյլաներին զենքերը վայր դնել եւ անցնել քաղաքական պայքարի։