Այս տարվա Հայաստանի տասը լավագույն մարզիկների ցուցակից բացակայում է նախորդ տարվա Հայաստանի լավագույն մարզիկ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը:

Նա միակն էր հայ ծանրորդներից, որը Փարիզում կայացած այս տարվա աշխարհի առաջնությունում կարողացավ գրավել 4-րդ տեղը, ու փոքր բրոնզե մեդալի արժանանալ պոկում վարժությունում: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է 23-ամյա անվանի ծանրորդի հետ:

Ինչպե՞ս  ընդունեցիք  այն  փաստը,  որ  վերջին   հինգ   տարում  առաջին  անգամ  չընդգրկվեցիք մրցաշրջանի  տասըլավագույն  մարզիկների  շարքում:

Ճիշտ է, այդ ընտրությունը կատարվում է  առավելապես մարզական արդյունքերը հաշվի առնելով, սակայն կարծում եմ առավել օբյեկտիվ գնահատականի դեպքում ես լիովին արժանի էի կրկին լինել լավագույն տասնյակում: Աշխարհի առաջնությունում երկամարտի իմ ցուցանիշը 356 կգ (166+190) բավական բարձր արդյունք էր ու լավագույնն էր եվրոպացիների մեջ: Փաստորեն, այդ ցուցանիշով ես կարող էի դառնալ Եվրոպայի չեմպիոն (2011 թ. Եվրոպայի չեմպիոն, թուրք ծանրորդ Սեմիհ Յաղջիի արդյունքը եղել է 347 կգ – խմբ.): Ընդհանրապես, վերջին 3 տարիներին իմ ցուցանիշները լավագույնն են եղել Եվրոպայում: Ես մեր ծանրորդներից միակն էի, որ Փարիզում մեդալ նվաճեցին, բացի այդ 2 տարվա հանրագումարով մեր ընտրանուն ամենաշատ վարկանիշային միավորները բերեցի (131-ից 50-ը – խմբ.), ինչը թույլ տվեց մեր տղամարդկանց հավաքականին Լոնդոնի օլիմպիական խաղերի չորս ուղեգիր նվաճել: 

Ինչո՞ւ չհաջողվեց Փարիզի աշխարհի առաջնությունում կրկնել անցյալ տարվա հաջողությունը:

Վնասվածքը խանգարեց ինձ այնտեղ լիովին դրսեւորել իմ ունակությունները: Առաջնության մեկնարկից առաջ մարզումների ընթացքում, ապա նաեւ մեկնարկում նախավարժանքի ժամանակ ուսի մկանային բորբոքվածության պատճառով ցավեր ունեցա, ու մտադիր էի ընդհանրապես ելույթ չունենալ, քանի որ գիտակցում էի, որ ինձանից միմիայն հաղթանակ են ակնկալում: Այս հարցով խորհրդակցեցի մեր ֆեդերացիայի նախագահի եւ ընտրանու մարզիչների հետ: Ի վերջո, որոշվեց, որ հավաքականի շահերից ելնելով անպայման մասնակցեմ, քանի որ օլիմպիական վարկանիշային միավորներ էին հարկավոր: Ես հաղթահարելով ցավը հանդես եկա առաջնությունում եւ, կարծում եմ, հուսախաբ չարեցի, քանի որ պատվով կատարեցի իմ առջեւ դրված առաջադրանքը:

Հիմա շարունակո՞ւմ եք բուժման կուրս անցնել:

Գերմանիայում բուժզննման ենթարկվեցի: Հետազոտումները, բարեբախատաբար, ցույց տվեցին, որ վիրահատման կարիք չկա, եւ ֆիզիոթերապեւտիկ միջոցներով կարող եմ ապաքինվել: Այնտեղ որոշակի բուժման կուրս անցնելուց հետո վերադարձա Հայաստան, ու հիմա էլ արդեն 10 օր է վերականգնողական բուժման կուրս եմ անցնում Կարմիր Խաչի հիվանդանոցում: Բժիշկների հավաստմամբ ապաքինումը բարեհաջող է ընթանում, ու հունվարին արդեն կկարողանամ մասնակցել Հայաստանի հավաքականի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքին:

Լոնդոնի Օլիմպիական խաղերից առաջ ի՞նչ մրցաշարի եք պատրաստվում մասնակցել:

Փետրվարին կայանալիք Հայաստանի առաջնությանը եւ ապրիլին Թուրքիայում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը չեմ մասնակցելու: Այդ ընթացքում կաշխատեմ լիովին ապաքինվել, որպեսզի օլիմպիական խաղերի ժամանակ անանկալ անախորժությունների մեջ չհայտնվեմ: Անպայման մտադիր եմ Լոնդոնի օլիմպիադայի մեկնարկից առաջ լրիվ ուժերով հանդես գալ Հայաստանի գավաթի խաղարկությունում` պատարաստականությունս ստուգելու եւ մրցահարթակը զգալու համար:

Ո՞վ է Օլիմպիական խաղերում ձեր գլխավոր մրցակիցը:

Ասեմ, որ երբեք չեմ վախեցել մրցակցությունից եւ ուրախ կլինեմ, եթե մեր հավաքականում էլ իմ քաշային կարգում ուժեղ մրցակիցներ ունենամ: Դա անկասկած կօգնի բարելավելու ցուցանիշներս եւ ավելի բարձր արդյուքների ձգտել: Ես մրցակիցներիս չեմ անտեսում ու չեմ թերագանահատում, սակայն ներկա պահին գլխավոր հակառակորդս համարում եմ այս տարվա աշխարհի չեմպիոն, չինացի Լու Քսիաջունին, որը նկատելիորեն առաջ անցավ Փարիզում բրոնզե մեդալ նվաճած 2008 թ. Պեկինի օլիմպիական չեմպիոն, կորեացի ծանրորդից:

Բայց Առաքել Միրզոյանը եւս 77կգ քաշային կարգում է հանդես գալիս, օլիմպիական խաղերին մասնակցելու համարձեզանից մեկը պիտի փոխի իր քաշային կարգը:

Թող մասնակցի ուժեղագույնը: Բոլորս մարզիչների աչքի առաջ ենք, ու փորձամրցումների ժամանակ նրանք, համոզված եմ` ճիշտ ընտրություն կկատարեն ու կվստահեն ավելի բարձր կիլոգրամներ բարձրացնող ծանրորդին: Ես ելույթներս շարունակելու եմ 77 կգ-ում եւ պատրաստ եմ ցանկացած մրցակցության:

Ի՞նչ արդյուքներ եք ակնկալում Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

Սնահավատ չեմ, սակայն չեմ սիրում նախապես խոստումներ տալ: 2008-ին, 20 տարեկանում, արդեն նվաճել եմ օլիմպիական բրոնզե մեդալը: Բնականաբար Լոնդոնում ձգտելու եմ ավելի բարձր արդյունքի հասնել: Բոլոր մարզիկների երազանքն ու բարձրագույն նպատակը օլիմպիական չեմպիոն դառնալն է: Եթե Լոնդոնում 4-րդ տեղ գրավեմ, ապա դա անհաջողություն կհամարեմ:

Տիգրան որտեղ եք անցկացնելու ամանորյա տոները, եւ ի՞նչ կմաղթեք Ամանորի կապակցությամբ:

Նախ բոլորին շնորհավորում եմ գալիք տոնի առթիվ, եւ մաղթում ամենայն բարիք, առողջություն, հաջողություններ, եւ որ երջանկությունը անպակաս լինի մեր օջախներից: Մարզիկներին ցանկանում եմ օլիմպիական տարում բոլորիս ուրախացնեն բարձր արդյուքներով ու նվաճումներով: Ամանորի տոնական օրերը սովորաբար սիրում եմ հարազատներիս հետ Գյումրիում անցկացնել, սակայն այս անգամ բացառության կարգով մտադիր եմ այն անցկացնել արտասահմանում՝ մի քանի օր հանգստանալ ԱՄԷ-ում: