Մեր նպատակն է մինչ 2020 թվականը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը դարձնել  հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, հայտարարել է վարչապետ, Համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը` ՀՊՄՀ-ի խորհրդի նիստում:

ՀՊՀՄ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդես է եկել 2011 թվականին համալասրանում կատարված աշխատանքների հաշվետվությամբ, որոնք խորհուրդը գնահատել է բավարար:   

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է մինչ 2015 թվականը ՀՊՄՀ-ի գործունեության ռազմավարական ծրագիրը եւ բուհի 2012 թվականի բյուջեն:

 Վարչապետ Սարգսյանը կարեւորել է այն, որ բուհի զարգացման ծրագիրը  թիրախավորված է:

«Մեր նպատակն  է՝ մինչ 2020 թվականը ՀՊՄՀ-ն դարձնել  հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը: Այդ նպատակին հասնելու նախապայման պետք է համարենք այն, որ մանկավարժական համալսարանն անցնի միրջազգային հավաստագրում՝ համագործակցելով նաեւ եվրոպական եւ ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որպեսզի մշակվեն նաեւ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրեր, կառուցվի հստակ ծրագրային բյուջե, որտեղից էլ կֆինանսավորվեն նախանշված բոլոր միջոցառումները՝ ուղղված բուհի զարգացմանը:

Նիստի ժամանակ ներկայացվել է նաեւ ՀՊՄՀ-ի պաշտոնական նոր կայքը, որով հասարակությանը կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն համալսարանի մասին: