Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսոր Իգոր Սաֆարյանի կարծիքով, մեր լողորդներն այս տարի առաջընթաց են ունեցել, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական մրցումներում նրանք համեստ արդյունքներ են ցույց տվել:
«Շանհայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցած մեր երեք ներկայացուցիչները` լողորդուհիներ Անահիտ Բարսեղյանը, Մոնիկա Վասիլյանը եւ լողորդ Միքայել Քոլոյանը, իրենց մրցատարածություններում Հայաստանի նոր ռեկորդներ են սահմանել: Դա արդեն վկայում է այն մասին, որ նրանք աստիճանաբար բարելավում են իրենց արդյունքները» - NEWS.am-ի թղթակցին ասաց Իգոր Սաֆարյանը:
Մեր լողորդների ցածր արդյունքները Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի լողի ամբիոնի վարիչը բացատրում է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով. «Հայաստանը ծովային երկիր չէ, իսկ դա արդեն նշանակում է, որ լողացողների թիվը քիչ է: Մեր լեռնային գետերը նույնպես հարմար չեն լողալու համար, ինչպես, ասենք, Ռուսաստանի գետերն են: Բայց ամենագլխավորն այն է, որ հանրապետությունում չունենք լողի մասնագիտացված մարզադպրոց, որոնք խորհրդային տարիներին թվով 10-ն էին: Ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցին, ապա այն ոչ թե լողի, այլ ջրացատկի մասնագիտացված մարզադպրոց է: Լողի ֆեդերացիան ամեն տարի հավաքականի համար, որը կազմված է 10 մեծահասակ եւ 15 պատանի լողորդներից, նախապատրաստման ժամանակակից ծրագիր է կազմում, սակայն հանրապետությունում համապատասխան պայմաններ չլինելու պատճառով չի կարողանում 100 տոկոսով իրականացնել այդ ծրագիրը»:
Իգոր Սաֆարյանը հայկական լողի զարգացման միակ ուղին տեսնում է մասսայականության մեջ:
«Որքան շատ երեխաներ լողով զբաղվեն, այնքան ընտրություն անելու մեծ հնարավորություն կունենանք: Ժամանակակից լողորդը պետք է բարձրահասակ լինի, երկար եւ ամուր ձեռքեր ու ոտքեր ունենա, իսկ նման տղաներ եւ աղջիկներ Հայաստանում հազվադեպ են հանդիպում» - նշեց Իգոր Սաֆարյանը:




























