Արցախից բռնի տեղահանված շուրջ 20 հազար հայ աշխատանք է գտել Հայաստանում։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։
Ըստ նրա՝ սա այն թիվն է, որը կանխատեսել էր ԿԲ-ն։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշել է, որ այժմ անորոշությունը, թե արդյոք Հայաստանից աշխատանքային միգրանտները կմեկնեն Ռուսաստան, ավելի մեծ է, քան նախկինում էր։
Եթե նախկինում՝ փետրվարին, այդ մարդիկ հստակ գիտեին իրենց ծրագրերի մասին, ապա այժմ այդպես չէ։
Գալստյանը ենթադրել է, որ պոտենցիալ աշխատանքային միգրանտների որոշակի մասը կմնա Հայաստանում եւ կմիանա աշխատաշուկային։
Նա նաեւ նշել է, որ եթե նախկինում փոխանցումների 80 տոկոսը Ռուսաստանից հայ աշխատանքային միգրանտներն էին անում անկանխիկ, ապա այժմ փորձում են կանխիկ գումար փոխանցել։





























