Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը դադարեցնել Նալբանդյան 106 /1 հասցեում կառուցապատվող օբյեկտի շինհրապարակում իրականացվող բոլոր տեսակի աշխատանքները: Այս մասին Տարոն Մարգարյանի«Ֆեյսբուքի» էջում գրել է նրա մամուլի քրատուղար Շուշան Սարդարյանը: «Չնայած հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի առկայությանը, քաղաքապետը, հաշվի առնելով հասարակական կառույցների եւ բնակչության անհանգստությունները, հանձնարարել է հարցը մեկ անգամ եւս բազմակողմանիորեն ուսումնասիրել»,- նշել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր Նալբանդյան 106/1 հասցեում, որտեղ մի շարք շենքերի բակում հերթական «էլիտար» շենքն են կառուցում, արդեն մի քանի օր է` տեխնիկա է մտցվել, որը սկսել է հողահանում կատարել: Բնակիչները ահազանգել էին նաեւ «Մեր քաղաքը» նախաձեռնող խմբին եւ պատկան մարմիններին: Տեղում, երբ սկսել է աշխատել տեխնիկան, բնակիչները փակեցին ճանապարհը եւ չթողեցին հողահանում իրականացնել: Մեքենան ստիպված էր հողը լցնել փոսը: Բնակիչների ահազանգով դեպքի վայրում է եղել նաեւ ԱԺ  «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Ի դեպ, բնակիչները պատմել են, որ աշխատանքները  ինտենսիվ կերպով կատարվում են շաբաթ եւ կիրակի օրերին, քանի որ այդ օրերին պատկան մարմինները չեն աշխատում եւ, որեւէ տեղ ահազանգել հնարավոր չէ: Հիշեցնենք, որ Նալբանդյան 106 հասցեում գտնվող, նախկինում ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզի շուրջ 9 հազար ք/մ տարածքը ցանկապատվել է, և սկսվել են շինարարական աշխատանքներ`վտանգելով բազմամյա հաստաբուն ծառերն ու կանաչապատ տարածքը: