Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է շախմատային մրցաշրջան-2011-ի արդյունքները:

Առաջին մեծ նվաճումն այն էր, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Չինաստանում կայացած աշխարհի թիմային առաջնությունում գրավեց առաջին տեղը եւ տիրեց ոսկե մեդալներին, տիտղոս, որը մեր ընտրանին դեռ չուներ իր հավաքածուում: Երկրորդ նվաճում համարում եմ այն, որ շախմատն այս տարվանից պաշտոնապես ընդգրկվեց դպրոցական ուսծրագրում: Դա իրոք նշանակալի երեւույթ է մեր երկրի համար, քանի որ ՖԻԴԵ-ի կազմում մտնող երկրներից առաջինը Հայաստանը իրականացրեց այդ մտահղացումը: Ինչ վերաբերում է մնացած հաջողություններին, ապա կուզեի առանձնացնել Սամվել Տեր-Սահակյանի հաղթանակը աշխարհի մինչեւ 18 տարեկան շախմատիստների առաջնությունում եւ 12-ամյա Հայկ Մարտիրոսյանի գրաված առաջին տեղը Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Իսկ  ո՞րն  եք  համարում  մեր  շախմատիստների  ամենամեծ  անհաջողությունը:

Դրանք նույնպես երկուսն են: Նախ Լեւոն Արոնյանի պարտությունը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդենրի մրցաշարում: Մենք բնական էինք համարում, որ նա կհաղթահարի բոլոր արգելքները եւ կհանդիպի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Սակայն Լեւոնը իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ եւ արդեն առաջին փուլից դուրս մնաց պայքարից: Երկրորդ անհաջողությունն այն էր, որ Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնությունում մեր հավաքականը ձեռքից բաց թողեց չեմպիոն դառնալու լավ հնարավորությունը` վերջին խաղում անսպասելի պարտվելով Գերմանիայի ոչ այնքան ուժեղ թիմին եւ զրկվելով անգամ բրոնզե մեդալից:

Հայաստանի  լավագույն  մարզիկ  է  ճանաչվել  հունահռոմեական  ոճի  ըմբիշ  Ռոման  Ամոյանը: Ձեր  կարծիքն  այդ մասին:

Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր մարզիկներին: Ռոման Ամոյանը լավ ըմբիշ է, բայց, կարծում եմ, տարվա լավագույն մարզիկ պետք է ճանաչվեր Լեւոն Արոնյանը: Այդպես ասում եմ ոչ թե նրա համար, որ նա ներկայացնում է շախմատը: Ոչ, պարզապես Լեւոն Արոնյանն այս տարի ավելի մեծ նվաճումների է հասել, Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, առաջին տեղն է բաժանել Միխայիլ Տալի հուշամրցաշարում, որտեղ հավաքվել էին աշխարհի բոլոր ուժեղագույն շախմատիստները: Բացի այդ, Լեւոն Արոնյանի հաղթանակներն ավելի մեծ հնչեղություն են ունենում, քանի որ նրա ելույթներին մշտապես հետեւում են 10 մլն շախմատասերներ: