ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, թե համաձայն է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ, որ երկու կողմերը հետագա բանակցություններն անցկացնեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում, գրում է The Guardian-ը։
Ըստ Ուոլցի՝ բանակցությունները նպատակաուղղված են լինելու «կրակի մասնակի դադրարեցումն ընդլայնելուն, որը նախագահ Թրամփը ձեռք է բերել Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում»:
«Ես այսօր խոսել եմ իմ ռուս գործընկեր Յուրի Ուշակովի հետ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու նախագահ Թրամփի ջանքերի մասին։ Մենք պայմանավորվել ենք, որ մեր տեխնիկական թիմերը կհանդիպեն Էր Ռիադում առաջիկա օրերին՝ կենտրոնանալու այն մասնակի հրադադարի իրականացման և ընդլայնման վրա, որը նախագահ Թրամփը ձեռք է բերել Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում», -նշել է նա:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտնել է, որ կիրակի Սաուդյան Արաբիայում ծրագրված բանակցությունները սպասվում են երկկողմանի և կանցկացվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։
Ըստ նրա՝ Ուկրաինան մտադիր չէ մասնակցել այդ բանակցություններին։
Միևնույն ժամանակ, Պոդոլյակը խոստովանել է, որ ստիպված կլինեն սպասել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի արդյունքներին ավելի ուշ՝ պարզելու համար, թե երբ կսկսվեն Ուկրաինայի մասնակցությամբ հետագա բանակցությունները։





























