Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է լուրը, ըստ որի ինքը Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Զապորոժիեի ատոմակայանի կամ այլ ատոմակայանների սեփականության իրավունքը ԱՄՆ-ին փոխանցելու հնարավորությունը։ Ըստ «Европейская правда»-ի՝ դրա մասին նա հայտարարել է Օսլոյում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում։

Ըստ Զելենսկու՝ երեկվա հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն իրեն հարցրել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մասին։

«Ես նրան ասացի, որ եթե այն ուկրաինական չլինի, ոչ մեկի համար չի գործի։ Դա անօրինական է։ Այն չի կարողանա գործել: Եվ մենք չենք կարող պարզապես տնօրինել այս կայանը, քանի որ այն պետական ​​է»,- պարզաբանել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է քննարկել ուկրաինական ատոմակայաններում ներդրումների և դրանց արդիականացման հարցը։

«Բայց նախագահ Թրամփի հետ իհարկե չենք քննարկել սեփականության հարցը»,-հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ Վաշինգտոնում հայտարարել էին, որ մարտի 19-ին Զելենսկու և Թրամփի զրույցի ընթացքում բարձրացվել է ուկրաինական ատոմակայանների և ԱՄՆ-ի կողմից դրանց հնարավոր կառավարման հարցը։

Անցյալ ամիս Ուկրաինայի նախագահըն նշել էր, որ խոսել է Թրամփի և նրա թիմի հետ միջուկային էներգիայի և Զապորոժիեի ԱԷԿ-ի մասին։