Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ստորագրել է օրենք Գերմանիայի Հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելու մասին, որոնք թույլ կտան բարեփոխել այսպես կոչված «պարտքի արգելակը», գրել է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով Գերմանիայի նախագահի գրասենյակին։

Նախկինում համապատասխան նախաձեռնությունը հավանության էր արժանացել բունդեսթագի եւ բունդեսրաթի կողմից։

Բունդեսրաթում քվեարկությունը տեղի է ունեցել մարտի 21-ին։ Օրենքը սահմանում է, որ բունդեսվերի ծախսերը, ինչպես նաեւ «քաղաքացիական պաշտպանության, հանրային պաշտպանության, հետախուզական ծառայությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի պաշտպանության եւ միջազգային իրավունքի խախտմամբ հարձակման ենթարկված պետություններին օգնություն ցուցաբերելու դաշնային ծախսերը» ապագայում կարող են ֆինանսավորվել նաեւ վարկերի միջոցով:

Տեղեկացվել է, որ նոր կանոնները տարածվում են բոլոր ծախսերի վրա, որոնք գերազանցում են ՀՆԱ մեկ տոկոսը, ինչը համապատասխանում է մոտ 43 մլրդ եվրոյին։

Դաշնային հողերի համար փոխառությունների խիստ արգելքը նույնպես պետք է մեղմացվի եւ համաձայնեցվի դաշնային կառավարության հետ: Բոլոր դաշնային հողերին միասին կթույլատրվի նոր պարտք վերցնել ՀՆԱ մինչեւ 0,35 տոկոսի չափով։ Համապատասխան գումարների բաշխումը կկարգավորվի դաշնային օրենքով։

Համաձայն Հիմնական օրենքի 143 հոդվածի փոփոխությունների՝ 500 մլրդ եվրո կարող է հավաքվել ենթակառուցվածքների ներդրումների համար առաջիկա տասներկու տարիների ընթացքում:

Դաշնային հողերը պետք է օգտագործեն 100 մլրդ եվրո իրենց ենթակառուցվածքների համար, 300 մլրդ եվրոն կփոխանցվի դաշնային կառավարությանը, իսկ մնացած 100 մլրդ եվրոն կհատկացվի կլիմայի պաշտպանությանը։

«Պարտքի արգելակի» մասին դրույթը դրված է Գերմանիայի Հիմնական օրենքի 109 հոդվածում։ Նպատակը կառավարությանը ստիպելն է՝ հետեւել ֆինանսական կարգապահությանը։ «Արգելակը» թույլ չի տալիս չափից ավելի մեծացնել պետության պարտքային բյուջեն։