Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը դատապարտել է «Լիբանանը կրկին բռնության շրջապտույտի մեջ ներքաշելու փորձերը», հաղորդել է NNA-ն:

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր հարավում, եւ այն, ինչ տեղի է ունենում փետրվարի 18-ից ի վեր, շարունակական հարձակում է Լիբանանի վրա, եւ խաթարում է բոլոր լիբանանցիների կողմից համաձայնեցված փրկության ծրագիրը»,- ասել է Աունը:

Նա կոչ է արել «հարավի բոլոր համապատասխան ուժերին, հատկապես 2024թ. նոյեմբերի համաձայնագրով ստեղծված մոնիթորինգի կոմիտեին եւ բանակին առավելագույն լրջությամբ հետեւել զարգացումներին՝ ցանկացած հետեւանքից խուսափելու եւ ցանկացած խախտում կամ անփութություն վերահսկելու համար, որը կարող է սպառնալ երկրին այս նրբին հանգամանքներում»։

Լիբանանի նախագահը նաեւ խնդրել է բանակի հրամանատարին «տեղում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ կատարվածի հանգամանքները հետաքննելու համար»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Լիբանանի եւ Իսրայելի սահմանին մարտերի վերսկսման մասին։ Իսրայելը տեղեկացրել է Լիբանանի տարածքից որսված հրթիռների մասին, իսկ Լիբանանը Իսրայելին մեղադրել է գնդացիրների կիրառման գործողություն իրականացնելու մեջ։