Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի համար մեղադրել է օպերատոր ընկերությանը:

Հանձնաժողովի զեկույցում ընդգծվում է, որ վթարի գլխավոր պատճառը «Ֆուկուսիմա-1»-ի անբավարար պատրաստվածությունն էր տարերային աղետներին, նաեւ TEPCO-ի աշխատակիցների գործողությունների ոչ համակարգված բնույթը:

Փորձագետները մի շարք սխալներ են գտել, որոնցից ընկերությունում կարող էին խուսափել: Մասնավորապես կայանի աշխատակիցները մի քանի օր չեն իմացել, որ «Ֆուկուսիմա-1»-ի 1-ին եւ 3-րդ էներգաբլոկներում դադարել է աշխատել ռեակտորների սառեցման համակարգը: Եթե էներգաբլոկների վթարային սառեցումը շուտ միացվեր, մասնագետները կարող էին նվազեցնել ռեակտորների վնասվածությունը:

Հանձնաժողովի զեկույցը տարբերվում է ընկերության ներքին հետաքննության արդյունքներից: TEPCO-ն պնդում է, որ վթարի հիմնական պատճառը ցունամիի ալիքն է եղել: