No news is good news, անգլիական այս ասացվածքն ամենից լավ է բնորոշում Հարավային Կովկասը 2011-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վրացի փորձագետ, քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքով, թեեւ 2011 թվականը հեշտ չէր, սակայն առանձնակի ոչնչով աչքի չի ընկել:
«Լավ-վատ, բայց տարին հանգիստ էր, տարածաշրջանում առանձնակի բուռն իրադարձություններ չեն եղել: Իհարկե, այն բարդ տարի էր, բազմաթիվ խնդիրներ, չկարգավորված հակամարտություններ այդպես էլ լուծում չեն ստացել: Բայց լարում չի եղել, թեեւ առաջընթացի մասին նույնպես խոսել հնարավոր չէ»,- ասել է Աբաշիձեն` ընդգծելով, թե նկատի ունի ղարաբաղյան հակամարտությունը, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները:
Քաղաքագետը նշել է, թե 2012 թվականը կոնկրետ ոչինչ չի խոստանում այդ իմաստով: «Լուրջ ճեղքման համար հիմք չկա, իրավիճակը գտնվում է սառեցված վիճակում»,- նշել է զրուցակիցը: Ըստ Աբաշիձեի, այս տարին տարածաշրջանի երկրների համար կարեւոր կլինի ընտրությունների առումով:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության եւ Վրաստանի դիրքորոշման մասին` Աբաշիձեն ընդգծել է, թե պաշտոնական Թբիլիսին եւ Վրաստանի ողջ բնակչությունը` ներառյալ հայերին ու ադրբեջանցիներին, շահագրգռված են շուտափույթ կարգավորման մեջ: «Դա ահռելի ճեղքում կլինի տարածաշրջանի համար»,- ասել է նա:




























