ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ձախակողմյան հոսանքի միլիարդատերերը, այդ թվում՝ Ջորջ Սորոսը, կարող են ներգրավված լինել Tesla-ի դիլերային սրահների վրա հարձակումներին։

«Կարծում եմ, որ նրանք ներգրավված են դրանում: Այո, նրանց թվում կան այնպիսիները, որոնք մասնակցել են իմ դատավարություններին եւ, կարծում եմ, հավանաբար, նույնպես ներգրավված են դրանում: Եվ գիտեք, Իլոնը [Մասկը] շատ լավ աշխատանք է կատարել: Նա պարզել է հսկայական չարաշահումներ, խարդախություններ եւ վատ կառավարում այնպիսի մասշտաբով, որ մարդիկ նույնիսկ չեն ներկայանում աշխատանքի, բայց դեռ վարձատրվում են: Այնքան շատ բաներ կան, որոնք անգամ չենք կարող թվարկել»,- ասել է Թրամփը Newsmax-ի հարցազրույցում, երբ լրագրողը հարցրել է «միլիարդատերերի ներգրավվածության մասին՝ լինի դա Սորոսը, թե մեկ ուրիշը»:

Մարտի 9-ին NBC News-ը հաղորդել է, որ Tesla-ի օբյեկտները բախվել են «հարձակումների ալիքի» այն բանից հետո, երբ Մասկը գլխավորել է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE): Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի շաբաթվա ընթացքում ընկերության մեքենաների, դիլերային կենտրոնների եւ լիցքավորման կայանների նկատմամբ իրականացվել է վանդալիզմի 10 գործողություն։ Թրամփը հայտնել է, որ նման դիվերսիոն գործողություններ կատարողներին ահաբեկիչներ է համարում։

Մասկն ինքը իր գլխավորած Tesla ավտոմեքենաշինական ընկերության օբյեկտների վրա հարձակումներն անվանել է ահաբեկչական գործողություններ։