Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը նախագահների կազանյան հանդիպումից հետո փաստացի դադարեցվել է: Դա հետեւանքն է նրա, որ Կազանում Ռուսաստանն ի դեմս Դմիտրի Մեդվեդեւի փորձեց արագացնել ղարաբաղյան հարցի լուծումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետի կարծիքով, բանակցությունների ցանկացած արհեստական արագացում օգուտ չի տա ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Դմիտրի Մեդվեդեւի միջամտության հետեւանքով գործընթացը փակուղի է մտել: «Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը մի շարք պատճառներով պատրաստ չեն մեծ փաստաթուղթ ստորագրել: Մեզ համար սկզբունքային հարցերում պատրաստ չէ Ադրբեջանը, իրենց համար սկզբունքային հարցերում` պատրաստ չենք մենք: Սակայն լավ բանակցային գործընթաց էր եղել: Դրական է այն, որ Մադրիդյան սկզբունքներ անվամբ փաստաթուղթ է մշակվել»,- նկատել է Գրիգորյանը:
Նրա գնահատականով, ներկայիս ընդմիջման մեջ կա նաեւ դրական գործոն, բոլորը հասկանում են, որ ղարաբաղյան հարցի կարգավորման ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Եւ 2012-ին թերեւս բանակցային գործընթացը վերսկսվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, թեեւ իհարկե բոլորը պետք է գիտակցեն, որ Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, եւ մեծ առաջընթաց ակնկալել չարժե, քանի որ երկիրը կենտրոնացած է լինելու ներքին խնդիրների վրա»,- ամփոփել է Գրիգորյանը:



























