Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել: Ակտիվությունը դրսեւորել է Սուլավեսի կղզու Լոկոն հրաբուխը: Ինչպես տեղեկացրել է Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի վարչությունը, ժայթքման ուժգնությունն աննշան է եղել:
Վարչության ներկայացուցչի խոսքով` առայժմ Լոկոն լեռան լանջին գտնվող բնակավայրերի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չի ծագել: Բայց բնակչությանը նախազգուշացվել է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում ամեն պահի բնակարանները լքելուն:
Այս տարվա հուլիսին Լոկոնի նախորդ ժայթքման ընթացքում հրաբխի խառնարանից 3,5 կմ շառավղով տարածքը պոտենցիալ վտանգավոր գոտի էր հայտարարվել:
Լոկոնի ակտիվությունը վերջին օրերի ընթացքում աճել էր եւ գագաթնակետին հասել դեկտեմբերի 26-ին: Սարն սկսել է ծխի քուլաներ եւ հրաբխային մոխիր արտանետել, ինչից հետո աննշան մասշտաբներով ժայթքումն է սկսվել:
Լոկոնը ինդոնեզիական գործող 129 հրաբուխներից առավել ակտիվն է: Դրանց ժայթքումները հազվադեպ երեւույթներ չեն, քանի որ Ինդոնեզիան ամբողջովին կազմված է սեյսմիկ առումով ակտիվ գոտիներից եւ հրաբուխներից, այդ թվում` ստորջրյա, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























