Փհենյանում դեկտեմբերի 28-ի առավոտյան սկսվել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի հետ հրաժեշտի արարողությունը: Արարողության առաջին փուլը տեղի կունենա Կիմսուսան հուշահամալիրում, որտեղ մահից հետո տեղակայվել էր առաջնորդի մարմինը:
Հարավկորեական Korea JoongAng Daily թերթի տեղեկությամբ` արարողության բացումը կանի հանգուցյալի կրտսեր որդի եւ իրավահաջորդ Կիմ Չեն Ընը: Այնուհետեւ դագաղը դիակառքով կտեղափոխվի հուշահամալիրի դիմացի հրապարակ, որտեղ շարված կլինեն ԿԺԴՀ բանակի ստորաբաժանումները եւ բարձրաստիճան պաշտոնյաները:
Կիմ Չեն Իրի մարմինը տեղափոխող մեքենան պետք է ընթանա Փհենյանի փողոցներով, այնուհետեւ կրկին վերադառնա հուշահամալիր:
Ակնկալվում է, որ այնուհետեւ Կիմ Չեն Իրի աճյունը կզմռսվի եւ կտեղադրվի հոր` Կիմ Իր Սենի աճյունի կողքին:
Հրատարակչությունը նաեւ գրում է, որ արտերկրում աշխատող ԿԺԴՀ գրեթե բոլոր բնակիչները Կիմ Չեն Իրի հուղարկավորության նախօրեին վերադարձել են հայրենիք` հետեւելով հյուսիսկորեական իշխանությունների հատուկ կարգադրությանը, գրում է Lenta.ru-ն:
ԿԺԴՀ առաջնորդը մահացել է դեկտեմբերի 17-ին, 69 տարեկան հասակում: Նրա մահվան մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել էր հյուսիսկորեական պետական հեռուստաընկերությունը: Կարճ ժամանակ անց հանգուցյալի աճյունը ապակյա դագաղի մեջ տեղափոխվել էր Կիմսուսան:




























