Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշների մոտ բժիշկները վահանագեղձի քաղցկեղ են հայտնաբերել: Այս մասին տեղեկացրել է Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ալֆրեդո Սկոսիմարոն: Հունվարի 4-ին պետության ղեկավարին վիրահատություն է սպասվում:

Քրիստինա Ֆերնանդեսի վահանագեղձի աջ մասում չարորակ գոյացություն են ախտորոշել (պապիլյար կարցինոմա), սակայն հիվանդությունը չի վնասել ավշահանգույցները, եւ օրգանիզմում մետաստազներ չկան: Հետվիրահատական վերականգնման գործընթացը կտեւի 20 օր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

58-ամյա Քրիստինա Ֆերնանդեսը այս տարի երկրորդ անգամ վերընտրվել էր նախագահի պաշտոնում: Նա արգենտինացիների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում` ի շնորհիվ տնտեսական նկատելի աճի, որին նա կարողացել է հասնել կառավարման տարիներին: