Ղրղըզական Օշ քաղաքում Տու-134 ուղեւորատար ինքնաթիռ է ընկել: Օդանավը վայրէջք կատարելիս ընկել է Օշի օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում եւ շրջվել գլխիվայր: 

«Ղրղըզստան» ավիաընկերության օդանավում, տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ, 70-81 ուղեւոր է գտնվել, այդ թվում` 9 երեխա: Ըստ տարբեր տեղեկությունների` ընկնելու հետեւանքով 2-7 մարդ տուժել է, զոհեր չկան:

Ընկնելուց հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել,  այրվող ինքնաթիռից տարհանել են ուղեւորներին: Նախնական վարկածով` վթարի պատճառը մառախուղն է եղել. անբավարար տեսանելիության պատճառով անձնակազմը չի կարողացել տեղավորվել թռիչքավայրէջքային գոտում: 

Ներկա պահին Օշի օդանավակայանը փակ է, դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: Ղրղըզստանի տրանսպորտի նախարարությանն առընթեր վթարի հետաքննման հանձնաժողով է ստեղծվել: