Թրամփի վարչակազմը ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցներին կոչ է արել հայտնել իրենց գործընկերների դրսևորած «հակաքրիստոնեական նախապաշարմունքների մասին», գրում է Politico պարբերականը։
Սա դաշնային կառավարությունում քրիստոնեական դավանանքի աշխատակիցներին աջակցելու ջանքերի շրջանակում միջոցառումներից մեկն է, նշում է պարբերականը։ Ըստ Politico-ի՝ հրամանը հաղորդագրության միջոցով ուղարկվել է ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անունից, ինչպես նաև հրապարակվել է Պետքարտուղարության բոլոր աշխատակիցների համար։ Հեռագրում աշխատակիցներին կոչ է արվում հայտնել գործընկերների դրսևորած «հակակրոնական նախապաշարմունքների մասին», -գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Հաղորդագրությունը կարող է լինել անանուն, բայց «հնարավորինս հանգամանալից՝ ներառյալ անունները, ամսաթվերը, վայրերը», որտեղ «տեղի է ունեցել միջադեպը», ասված է դիվանագետներին ուղղված ուղերձում: Պետքարտուղարության որոշ պաշտոնյաներ ցնցված են ու տագնապով են արձագանքել հրամանին, հայտնում է Politico-ն։ Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Արդարադատության նախարարության շրջանակում հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կկենտրոնանա դաշնային գործակալություններում «հակաքրիստոնեական նախապաշարմունքների արմատախիլ անելու վրա»:





























