Նյու Յորքի Թայմզ-սքվերում «հիշողություններ ջնջող սարք» են տեղադրել: Այն թուղթ կտրելու համար նախատեսված սովորական սարք է, բայց դրա օգնությամբ քաղաքի բնակիչները եւ եկվորները հրաժեշտ են տալիս վատ հիշողություններին` դրանք թողնելով անցնող տարում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` նախատոնական օրերին առաջարկվում է ավտոմատ սարքի մեջ գցել 2011թ. տեղի ունեցած բացասական դեպքերի ցանկացած փաստաթղթային վկայություն
Սարքի մոտ երկար հերթեր են գոյանում, այն անխոնջ «կլանում է» նախկին սիրահարների լուսանկարները, սխալ կայանման տուգանքները, ֆինանսական կորուստների մասին հիշեցնող թղթերը, տհաճ հոդված պարունակող թերթերը եւ տխուր հուշեր արթնացնող թղթային այլ թափոններ: Ոմանք նույնիսկ բժշկական անցանկալի անալիզների արդյունքներն են բերում:
Քեյթի Սելմանը` Ֆլորիդա նահանգից, սարքի միջոցով ոչնչացրել է ամուսնուն ռազմական գործողությունների գոտում հրամանատար նշանակելու մասին որոշումը: Նրանից հետո մոտեցել է ֆինանսական տարբեր թղթերի փաթեթը ձեռքին մի տղամարդ:
Սարք են ուղարկվել նաեւ «ավելորդ քաշ», «կրթական վարկ», «հոռետեսություն» գրառումներ պարունակող թղթեր:
Բացի այդ, մարդիկ գրում են նաեւ անցնող տարում իրենց կյանքն առավել շատ թունավորած երեւույթների մասին: Ակցիայի կազմակերպիչների խոսքով` ամենաստեղծագործ մասնակիցը որպես պարգեւ կստանա iPad-2:
Ի դեպ, ցանկացողները կարող են ոչ միայն «կտրատել» վատ հիշողությունները, այլեւ «կոտրել»: Դրա համար սարքից ոչ հեռու մուրճ է դրված:
Այս ակցիան Նյու Յորքում անցկացվում է 2007թ.-ից, գրում է NEWSru.com-ը:




























