Ռուսաստանի բանակը փորձում է հրադադարի ընդհանուր տպավորություն ստեղծել, սակայն չի հրաժարվում առաջխաղացման և Ուկրաինային կորուստներ պատճառելու իր փորձերից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն։

«Երեկ ժամը 18:00-ից մինչև այսօր ժամը 00:00-ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանյան բանակը 387 գնդակոծություն և 19 գրոհային գործողություն է իրականացրել։ Ռուսաստանցիները 290 անգամ անօդաչու թռչող սարքեր են կիրառել»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում:

Նա ներկայացրել է այն, ինչ հայտնի է առավոտվա դրությամբ՝ համաձայն Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցի։

Ըստ Ուկրաինայի նախագահի, ռուսաստանյան զորքերը շարունակում են հրետակոծությունները, գրանցվել են նաև գրոհային գործողություններ։

«Առաջնագծի տարբեր ուղղություններով ռուսաստանյան ստորաբաժանումները 59 գնդակոծություն և 5 գրոհային գործողություն են իրականացրել: «Ստարոբելսկ» տարածքային միավորումում (ՏՄ) արձանագրվել է մեկ մարտական ​​բախում, Դոնեցկի ՏՄ-ում՝ երեք՝ Պոկրովսկի, Նովոպավլովսկի և Զապորոժիեի ուղղություններով և մեկ բախում՝ Ստեպնոյեի շրջանում։ Թշնամին տասնյակ անօդաչուներ է կիրառել», - ասվում է Զելենսկիի հաղորդման մեջ:

Բացի այդ, Կուրսկի շրջանում, ըստ նրա, արձանագրվել են հրետանային հարվածներ և անօդաչու սարքերի կիրառում։

«Ուկրաինական բանակն իր հերթին պատասխանում է այնպես, ինչին արժանի է Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ մարտական ​​հանգամանքներում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ապագայում ևս հայելային պատասխան կտա։ Ամփոփելով առաջին արդյունքները՝ ռազմաճակատում ամբողջական զինադադար առայժմ չկա։

«Ընդհանուր առմամբ, Զատկի առավոտվա դրությամբ, կարելի է ասել, որ ռուսաստանյան բանակը փորձում է հրադադարի ընդհանուր տպավորություն ստեղծել, բայց երբեմն չի հրաժարվում առաջխաղացման և Ուկրաինային կորուստներ պատճառելու առանձին ​​փորձերից։ Ռուսաստանը պետք է լիովին կատարի անդորրի պայմանները։ Այսօր 24․00-ից հետո 30 օրով անդորրը երկարաձգելու Ուկրաինայի առաջարկը մնում է ուժի մեջ։ Կգործենք իրավիճակին համապատասխան»,- ամփոփել է նա։