Երեքշաբթի Roche ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում 50 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում, ինչը խոշորագույն ներդրումային քայլերից մեկն է այն ընկերությունների կողմից, որոնք բախվում են նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերին, հաղորդել է Reuters-ը:
Շվեյցարական դեղագործական հսկան հայտնել է, որ ներդրումները կստեղծեն ավելի քան 12 հազար նոր աշխատատեղեր, այդ թվում՝ մոտ 6 500 շինարարական եւ 1 000 աշխատատեղ նոր եւ ընդլայնված ձեռնարկություններում:
Դեղ արտադրողները հայտարարում են ներդրումների մասին՝ Թրամփի վարչակազմի մաքսատուրքերին հակազդելու համար, որոնք ձգտում են խթանել ներքին արտադրությունը:
Roche-ի ներդրումները հաջորդում են շվեյցարական Novartis դեղագործական ընկերության՝ այս ամսվա սկզբին արված հայտարարությանը, որ ԱՄՆ-ում 23 մլրդ դոլար կծախսի՝ ընդլայնելու գոյություն ունեցող օբյեկտները եւ կառուցելու նորերը:
Roche ընկերությունը հայտնել է, որ իր ներդրումները կներառեն նոր հետազոտական եւ զարգացման կենտրոններ եւ ընդլայնված արտադրական օբյեկտներ Ինդիանայում, Փենսիլվանիայում, Մասաչուսեթսում եւ Կալիֆոռնիայում:
Երբ բոլոր նոր եւ ընդլայնված արտադրական հզորությունները գործարկվեն, Roche-ն ավելի շատ դեղեր կարտահանի Միացյալ Նահանգներից, քան ներմուծում է, ասել է ընկերությունը:
Գործադիր տնօրեն Թոմաս Շինեկերն ասել է, որ ներդրումներն ընդգծում են ընկերության նվիրվածությունը Միացյալ Նահանգներին:
«Մեր 50 մլրդ դոլարի ներդրումը առաջիկա հինգ տարիների ընթացքում հիմք կդնի նորարարության եւ աճի համար հաջորդ դարաշրջանում՝ օգուտ բերելով պացիենտներին ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում»,- նշվել է նրա հայտարարությունում:





























