Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին Նոր տարվա նախօրեին մտադիր են  գաղտնի  հանել Լուկյանովի մեկուսարանից եւ տեղափոխել Խարկովի շրջանի գաղութներից մեկը:

«Հայրենիք» («Батькивщина») կուսակցության տվյալներով, որոնք ստացվել են իրազեկ աղբյուրներից, նման հրահանգ է տվել Վիկտոր Յանուկովիչը:

Տիմոշենկոյի կողմնակիցներն ընդգծել են, որ  նախկին վարչապետը լուրջ հիվանդ է եւ նրան տեղափոխել չի կարելի: Մեջքի հատվածում եղած ցավերի պատճառով նա անգամ չի կարողացել դեկտեմբերի 20-ին ներկա գտնվել դատական նիստին: Ինչ վերաբերում է Տիմոշենկոյի առողջացման մասին բժիշկների հայտարարությանը, դա, նրա կողմնակիցների խոսքով, սուտ է, գրում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Միաժամանակ, Ուկրաինայի Պետական բանտային ծառայության աղբյուրը հայտնել է, որ վարչապետին տեղափոխելու ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ստացվել:  Բայց նա նաեւ չի բացառել իրադարձությունների նման զարգացումը` նշելով, որ Խարկովում բանտարկյալների համար ամենալավ պայմաններով ապահովված կանացի Կաչանովի գաղութն է գտնվում: