Հայերին «ահաբեկիչներ» ներկայացնելով՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել ագրեսիան։ Այս մասին հայտնել է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող հայատյացության քաղաքականությանը նվիրված քննարկմանը։
Քննարկմանը ներկայացվել է նաեւ կենտրոնի նախաձեռնությամբ պատրաստված Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ զեկույց։ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանում բոլոր մակարդակներում հայերին ներկայացնում են որպես «ոչ մարդ», եւ դա արդարացնում է հայերի դեմ հանցագործությունները։
Զեկույցը պատրաստելիս ուսումնասիրվել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, ինչպես նաեւ լրագրողների նյութերը, որոնք նույնպես ձեւավորում են հասարակական կարծիքը: Այս ամենը խտրականության դրսեւորում է, եւ Հայաստանը Ադրբեջանի դեմ իր պահանջներում վկայակոչում է Խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի խախտման մասին։ Արդարադատության միջազգային դատարանն արդեն մի քանի որոշում է կայացրել միջանկյալ միջոցների վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա խտրական քաղաքականությունից։
Իրավաբանը նշել է «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը որպես հակահայկական քարոզչության ուղղություններից մեկը եւ ավելացրել, որ փախստականների հարցերով հասարակական կազմակերպության վերափոխումը քաղաքական սուբյեկտի վկայում է պետական մասնակցության մասին։ Տարածքային պահանջների վկայությունը «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման պահանջն է։ Միաժամանակ Ադրբեջանը յուրացնում է հայկական մշակութային ժառանգությունը կամ պարզապես ոչնչացնում է այն։
«Նրանք հայերին ներկայացնում են որպես ահաբեկիչներ, եւ միջազգային իրավունքի տեսանկյունից դա զենքի կիրառումն արդարացնելու փորձ է։ Ադրբեջանը վկայակոչում է երրորդ երկրի՝ Հայաստանի կողմից օկուպացված տարածքները պաշտպանելու եւ ազատագրելու իրավունքը։ Այսինքն, քանի որ հայերը «ահաբեկիչներ» են, ապա հնարավոր է պատերազմել նրանց դեմ»,- բացատրել է իրավաբանը Բաքվի քաղաքականությունը։





























