Մեծ Բրիտանիայի Ուոլսենդ քաղաքում Կամո եւ Նոնա Մանուկյանները հանգիստ սրտով կարող են դիմավորել Ամանորը արտաքսման դեմ տեւական պայքարից հետո: Այդ մասին գրում է բրիտանական Evening Chronicle-ը:

Մանուկյաններն ապրում են Ուոլսենդում (Հյուսիսային Թայնսայդ) արդեն չորս տարուց ավել իրենց երեխաների` 20-ամյա Լյուսիի եւ 21-ամյա Արսենի հետ:

Ընտանիքին մերժել էին կեցության իրավունք տրամադրել եւ նրանց սպառնում էր Հայաստան եւ Ուզբեկստան արտաքսվելու վտանգը: Այժմ նրանք անհամբեր սպասում են 2012-ին, քանի որ դիսկրեցիոն թույլտվություն են ստացել, կարող են մնալ Մեծ Բրիտանիայում հաջորդ երեք տարիները:

Ընտանիքը նոր է տեղափոխվել Ուոլսենդի նոր տուն, եւ Լյուսին սովորում է Նյուքասլի համալսարանում, իսկ Արսենը հագուստի դիզայնի կուրս է անցնում Էդինբուրգի համալսարանում: Կամո եւ Նոնա Մանուկյանները աշխատանք են որոնում եւ հուսով են, որ կգտնեն: Երեք տարի անց նրանք կրկին թույլտվության դիմում են ներկայացնելու: Ընտանիքը Ուզբեկստանից փախել է 2007թ., դարձել տեղական համայնքի ակտիվ անդամներ եւ հազար ժամ կամավոր աշխատանք կատարել: Տեղացիները աջակցել են նրանց Մեծ Բրիտանիայում մնալու հարցում: