Լեհաստանը բախվում է Ռուսաստանի կողմից նախագահական ընտրություններին միջամտելու աննախադեպ փորձի, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել է թվային տեխնոլոգիաների նախարար Քշիշտոֆ Գավկովսկին։
Լեհաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլի անցկացումը նախատեսված է մայիսի 18-ին։
Լեհաստանը հայտարարել է, որ Ուկրաինային օգնության կենտրոն լինելու իր դերը նրան դարձրել է ռուսական դիվերսիաների, կիբեռհարձակումների և ապատեղեկատվության թիրախ, և գտնվում է միջամտության բարձր պատրաստվածության մեջ, հատկապես ենթադրյալ ռուսական միջամտության պատճառով դեկտեմբերին անցկացված նախագահական ընտրությունների չեղարկումից հետո։
«Լեհաստանում ընթացող նախագահական ընտրությունների ժամանակ մենք բախվում ենք Ռուսաստանի կողմից ընտրական գործընթացին միջամտելու աննախադեպ փորձի,-շեշտել է Գավկովսկին պաշտպանության համաժողովում։ -Դա արվում է… ապատեղեկատվության տարածմամբ և Լեհաստանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հիբրիդային հարձակումների համադրությամբ՝ պետության բնականոն գործունեությունը կաթվածահար անելու նպատակով»։
Գավկովսկին ընդգծել է, որ Լեհաստանի ջրամատակարարման և կոյուղու ընկերությունները, ջերմաէլեկտրակայանները և պետական կառավարման մարմինները ենթարկվել են հարձակման, և որ Ռուսաստանի մասնակցությունը նման հարձակումներին այս տարի ավելի քան կրկնապատկվել է։
«Այսօր Լեհաստանում, իմ ելույթի յուրաքանչյուր րոպեի ընթացքում, գրանցվել է մոտ մեկ տասնյակ միջադեպ, որոնք թիրախավորել են կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները»,-նշել է նա։
Վարշավայում Ռուսաստանի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը և խորհուրդ է տվել Գավկովսկուց խնդրել «ներկայացնել իր ակնարկների ապացույցները»։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն, իր հերթին, մեղադրել է օտարերկրյա գործակալներին ապրիլին իր «Քաղաքացիական հարթակ» կուսակցության տեղեկատվական համակարգերի վրա կիբեռհարձակման մեջ։ Անցյալ տարվանից ի վեր, Լեհաստանը, մասնավորապես, հայտնել է իր տիեզերական գործակալության և պետական լրատվական գործակալության վրա կիբերհարձակումների մասին։ Վարշավան և նրա դաշնակիցները պնդում են նաև, որ Մոսկվան է կանգնած Եվրոպայում հրկիզումների և դիվերսիաների հետևում։ Ռուսաստանը հերքում է այս մեղադրանքները։





























