Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներն ամփոփելով՝ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար, որում ամփոփել է մայիսի 7-10-ն ընկած ժամանակահատվածի աշխատանքի արդյունքները։ Հայտարարության տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում։

«Բարի երեկո, կամ, թերևս,  արդեն,, բարի գիշեր։ Ցանկանում եմ բոլորիդ ողջունել։ Հարգելի տիկնայք և պարոնայք։ Հարգելի գործընկերներ։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիդ Մեծ Հաղթանակի տոնի առթիվ։ Շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին, արտասահմանյան գործընկերներին, որոնք այս օրերին մեզ հետ էին Մոսկվայում՝ հոբելյանական հանդիսություններին, որպեսզի խոնարհվեն հաղթողների սերնդի առջև։

Մենք հարգում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նացիզմի դեմ ընդհանուր հաղթանակում, իսկ դրանք մեր դաշնակիցներն են հակահիտլերյան կոալիցիայից, և Չինաստանի զինվորները, և Եվրոպայում հակաֆաշիստական դիմադրության մասնակիցները, Աֆրիկայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ժողովրդա-ազատագրական շարժումների մարտիկները, Լատինական Ամերիկայի երկրներից կամավորները։

Մեր բարեկամների և համախոհների հետ մեզ միավորում է ընդհանուր հիշողությունը և հարգանքը պատմության, ազատության համար պայքարած իսկական հերոսների սխրանքի նկատմամբ, և, իհարկե, մեր պատասխանատվությունը ապագայի, ավելի արդար և անվտանգ աշխարհի կառուցման համար։ Հենց այն հարցերը, որոնցից ուղղակիորեն կախված է համաշխարհային հանրության՝ Եվրասիայի և աշխարհի այլ տարածաշրջանների կայուն, տևական զարգացումը, Մոսկվայում կայացած երկկողմ և բազմակողմ հանդիպումների կենտրոնում էին։

Դրանք, իհարկե, անցնում էին առանձնահատուկ, հանդիսավոր, տոնական մթնոլորտում, բայց միևնույն ժամանակ բացառիկ հագեցած ու բովանդակալից էին, լի քաղաքական, տնտեսական և մարդասիրական օրակարգի թեմաներով։

Ամփոփելով արդյունքները, իսկ ես կցանկանայի դա հենց հիմա անել, կասեմ, որ չորս օրվա ընթացքում՝ մայիսի 7-ից 10-ը, մենք երեք օտարերկրյա պետությունների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ղեկավարների պաշտոնական այցերի միջոցառումներ ենք ունեցել։

Բացի այդ, տեղի է ունեցել 20 երկկողմ հանդիպում ԱՊՀ, Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարների հետ։ Ընդհանուր առմամբ, հանդիսություններին մասնակցել են ԱՊՀ, Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի 27 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև մոտ 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Եվս վեց երկիր ներկայացված էր բարձր մակարդակով։

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների նման լայն մասնակցության մեջ տեսնում ենք մեր ընդհանուր Մեծ Հաղթանակի անանց գաղափարների և արժեքների շուրջ իրական համախմբման ոգեշնչող վկայություն։

Երախտապարտ ենք 13 պետությունների ղեկավարներին, որոնք Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին մասնակցելու համար ուղարկել են ազգային զինված ուժերի ստորաբաժանումներ։ Նրանց քայլերթը մեր շքերթային հաշվարկների հետ ուս ուսի ընդհանուր տոնը լցրեց հատուկ էներգետիկայով, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կոփված մարտական եղբայրության ոգով։

Ուրախ էի անձամբ շնորհակալություն հայտնել Կորեայի Ժողովրդական բանակի զորահրամանատարներին, ամենաջերմ խոսքերը փոխանցել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հատուկ նշանակության ջոկատների զինվորներին ու հրամանատարներին, որոնք մեր մարտիկների հետ միասին պրոֆեսիոնալ կերպով, ուզում եմ դա ընդգծել, բարեխղճորեն կատարում էին խնդիրները Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանները կիևյան ռեժիմի կազմավորումներից ազատագրելիս։ Ընդգծեմ՝ խիզախություն և հերոսություն են դրսևորել, գործել են, և սա կրկին ուզում եմ շեշտել, բարձրագույն աստիճանի պրոֆեսիոնալ, լավ պատրաստվածություն և մարզվածություն են ցուցաբերել։

Եվ, իհարկե, բոլոր պետությունների ղեկավարների համար առանձնահատուկ պատիվ էր տրիբունաներում ողջունել Հաղթանակի հոբելյանի գլխավոր հերոսներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին Ռուսաստանից, Իսրայելից, Հայաստանից, Մոնղոլիայից։

Նշեմ, որ չնայած սպառնալիքներին, շանտաժին և հարուցվող խոչընդոտներին, ընդհուպ մինչև օդային տարածքի փակումը, Մոսկվա են ժամանել նաև եվրոպական որոշ երկրների՝ Սերբիայի, Սլովակիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ղեկավարները։ Կրկնեմ՝ հասկանում ենք, թե ինչ զանգվածային ճնշման են նրանք բախվել, և այդ պատճառով անկեղծորեն գնահատում ենք նրանց քաղաքական խիզախությունը, ամուր բարոյական դիրքորոշումը, մեզ հետ տոնը կիսելու, Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու որոշումը, որոնք կռվել են և՛ իրենց հայրենի տան, և՛ ամբողջ աշխարհը, ամբողջ մարդկությունը, առանց որևէ չափազանցության, դարչնագույն ժանտախտից ազատելու համար։

Մեզ համար կարևոր է, որ միլիոնավոր եվրոպացիներ, ինքնիշխան քաղաքականություն վարող երկրների ղեկավարները այս մասին հիշում են։ Սա մեզ լավատեսություն և հույս է ներշնչում, որ վաղ թե ուշ, այդ թվում՝ հենվելով պատմության դասերի, սեփական ժողովուրդների կարծիքի վրա, մենք կսկսենք շարժվել Եվրոպայի պետությունների հետ կառուցողական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Այդ թվում նաև նրանց հետ, որոնք այսօր էլ չեն հրաժարվում հակառուսական հռետորաբանությունից և մեր հասցեին ուղղված բացահայտ ագրեսիվ գործողություններից։ Փորձում են մինչև հիմա, մենք դա տեսնում ենք հենց այս օրերին, մեզ հետ խոսում են, ըստ էության, լկտի կերպով և վերջնագրերի միջոցով։

21-րդ դարում ժամանակակից իրավահավասար հարաբերությունների իրական օրինակ կարող է ծառայել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ մեր համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցությունը։ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների գլխավոր հյուրն էր։

Մենք ունեցել ենք բացառիկ արդյունավետ բանակցություններ, պետությունների ղեկավարների մակարդակով ընդունվել է երկու համատեղ հայտարարություն, ստորագրվել է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր, որոնք ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, ֆինանսները, գիտությունը, մշակույթը և շատ այլ ոլորտներ։ Ինչպես արդեն ասել եմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սեպտեմբերին տեղի կունենա իմ պատասխան, պաշտոնական այցը Չինաստան՝ միլիտարիստական Ճապոնիայի դեմ տարած Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին։

Խորապես խորհրդանշական է և օրինաչափ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի հետ կապված հիմնական, ըստ էության՝ գլխավոր հիշատակի միջոցառումները Եվրոպայում և Ասիայում կանցկացվեն հենց Մոսկվայում և Պեկինում՝ այն պետությունների մայրաքաղաքներում, որոնց ժողովուրդներն անցել են ծանրագույն փորձությունների միջով և ամենաբարձր գինն են վճարել հանուն ընդհանուր Հաղթանակի։

Հարգելի գործընկերներ, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ Մոսկվայում կայացած բանակցությունների և հանդիպումների ընթացքում շոշափվել է նաև Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը։ Մենք երախտապարտ ենք մեր բոլոր հյուրերին, մեր բարեկամներին այն ուշադրության համար, որը նրանք դարձնում են այս հակամարտությանը, և այն ջանքերի համար, որոնք նրանք գործադրում են, որպեսզի այս հակամարտությունն ավարտվի։ Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում առանձին անդրադառնալ այս թեմային։

Այս կապակցությամբ ուզում եմ ասել. ինչպես հայտնի է, Ռուսաստանը նախկինում բազմիցս հանդես է եկել հրադադարի նախաձեռնություններով, սակայն դրանք՝ այդ նախաձեռնությունները, անընդմեջ սաբոտաժի են ենթարկվել ուկրաինական կողմից։ Այսպես, կիևյան ռեժիմը ցուցադրաբար շուրջ 130 անգամ խախտել է 30-օրյա, ուզում եմ սա ընդգծել, 30-օրյա, մարտի 18-ից ապրիլի 17-ը, էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների մորատորիումը, որը հայտարարվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեր պայմանավորվածության համաձայն։

Չի պահպանվել նաև Ռուսաստանի նախաձեռնած Զատկի զինադադարը. հրադադարի ռեժիմը ուկրաինական կազմավորումների կողմից խախտվել է գրեթե հինգ հազար անգամ։ Այնուամենայնիվ, Հաղթանակի օրվա տոնակատարությանը, իսկ մենք դա նույնպես մեզ համար սուրբ տոն ենք համարում, միայն պատկերացրեք՝ 27 միլիոն կորուստ ունենք, մենք այս սուրբ տոնին երրորդ անգամ զինադադար հայտարարեցինք։

Ընդ որում, մենք նաև մեր այն արևմտյան գործընկերներին, որոնք, իմ կարծիքով, անկեղծորեն կարգավորման ուղիներ են փնտրում, փոխանցում էինք այս հարցի, Հաղթանակի օրը հրադադարի վերաբերյալ մեր դիրքորոշումը, որ ապագայում չենք բացառում այս զինադադարի ժամկետները երկարաձգելու հնարավորությունը, բայց, անշուշտ, վերլուծելով այն, թե ինչ տեղի կունենա այս մի քանի օրվա ընթացքում, այն արդյունքներով, թե ինչպես կիևյան ռեժիմը կարձագանքի մեր առաջարկին։

Եվ ի՞նչ ենք մենք տեսնում։ Որո՞նք են այդ արդյունքները։ Կիևի իշխանությունները, դուք, ըստ էության, ինքներդ էլ այդ ամենը հիանալի տեսնում եք, ընդհանրապես չեն արձագանքել հրադադարի մեր առաջարկին։ Ավելին, մեր առաջարկը հայտարարելուց հետո, իսկ դա տեղի ունեցավ, ինչպես հիշում եք, սույն թվականի մայիսի 5-ին, կիևյան իշխանություններն արդեն մայիսի 6-ից 7-ը լայնածավալ հարձակումներ ձեռնարկեցին։ Հարվածին մասնակցել է 524 անօդաչու թռչող սարք և արևմտյան արտադրության մի շարք հրթիռներ, միաժամանակ կիրառվել են նաև 45 ԲԷԿ-եր՝ անձնակազմ չունեցող մոտորանավակներ՝ Սև ծովում։

Ըստ էության, մեր կողմից հայտարարված հրադադարի այս երեք օրվա ընթացքում՝ 8-ին, 9-ին և 10-ին, տեղի էր ունենում այն, ինչ դուք նույնպես տեսել եք զանգվածային լրատվության միջոցներից, ըստ էության, ձեր հաղորդումներից, դա պարզ էր. այս ընթացքում ձեռնարկվել է հինգ նպատակաուղղված հարձակման փորձ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի վրա Կուրսկի մարզի շրջանում և Բելգորոդի մարզի հետ սահմանագծին, հենց մեր կողմից հայտարարված հրադադարի օրերին։ Բացի այդ, այլ ուղղություններով ձեռնարկվել է ևս 36 հարձակում։ Այս բոլոր հարձակումները, այդ թվում՝ Կուրսկի մարզի և Բելգորոդի մարզի շրջանում Ռուսաստանի Դաշնության տարածք ներթափանցելու փորձերը, հետ են մղվել։ Ավելին, մեր ռազմական փորձագետները կարծում են, որ դրանք որևէ ռազմական նշանակություն չեն ունեցել, իրականացվել են բացառապես քաղաքական նկատառումներով, հակառակորդը շատ մեծ կորուստներ է կրել։

Ինչպես արդեն ասացի, կիևյան իշխանությունները ոչ միայն մերժեցին հրադադարի մեր առաջարկը, այլև, ինչպես բոլորս տեսանք, փորձում էին վախեցնել Մոսկվայում հանդիսություններին հավաքված պետությունների ղեկավարներին։ Գիտե՞ք, հարգելի գործընկերներ, երբ այստեղ՝ Մոսկվայում, հանդիպում էի գործընկերների հետ, ինձ մոտ այսպիսի միտք առաջացավ։ Ներկայացնեմ ձեզ. ո՞ւմ էին փորձում վախեցնել նրանցից, ովքեր եկել էին Մոսկվա՝ նացիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակը տոնելու։ Ո՞ւմ էին փորձում վախեցնել։ Չէ՞ որ նրանք, ովքեր եկել են մեզ մոտ, առաջնորդներ են ոչ թե պաշտոնեական դիրքով, ոչ թե պաշտոնով, այլ բնավորությամբ, իրենց համոզմունքներով և իրենց համոզմունքները պաշտպանելու պատրաստակամությամբ։ Իսկ ո՞վ էր նրանց փորձում վախեցնել։ Նրանք, ովքեր զգաստ են կանգնում և պատիվ տալիս ու ծափահարում են ՍՍ-ի նախկին զինվորներին։ Եվ ազգային հերոսների շարքին են դասում նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցել են Հիտլերի հետ։ Ինձ թվում է, որ սա ակնհայտորեն անպիտան միջոցներով ոտնձգություն է, և նրանք, ովքեր փորձում են դա անել, չեն համապատասխանում այն թափին, որի վրա իրենք հույս են դնում։

Եվս մեկ անգամ կրկնեմ. մենք բազմիցս առաջարկել ենք հրադադարի քայլեր։ Երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ. ոչ թե մենք ենք ընդհատել բանակցությունները 2022 թվականին, այլ ուկրաինական կողմն է դա արել։ Այս կապակցությամբ, չնայած ամեն ինչին, առաջարկում ենք կիևյան իշխանություններին վերսկսել 2022 թվականի վերջին իրենց կողմից ընդհատված բանակցությունները, վերսկսել ուղիղ բանակցությունները։ Ընդ որում, ընդգծեմ, առանց որևէ նախապայմանի։

Առաջարկում ենք սկսել անհապաղ, արդեն հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում, այնտեղ, որտեղ դրանք նախկինում անցկացվել են, և այնտեղ, որտեղ դրանք ընդհատվել են։ Ինչպես հայտնի է, թուրք գործընկերները բազմիցս առաջարկել են իրենց ծառայությունները նման բանակցությունների կազմակերպման հարցում, և նախագահ Էրդողանը շատ բան է արել դրանց կազմակերպման համար։ Հիշեցնեմ, որ այդ բանակցությունների արդյունքում պատրաստվել էր փաստաթղթի համատեղ նախագիծ, և այն նախաստորագրվել էր կիևյան բանակցային խմբի ղեկավարի կողմից, բայց Արևմուտքի պնդմամբ այն պարզապես նետվել էր զամբյուղը։

Վաղը մենք նախատեսել ենք զրույց Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի հետ։ Ես ուզում եմ նրան խնդրել, որ նա Թուրքիայում բանակցություններ անցկացնելու նման հնարավորություն ընձեռի։ Հուսով եմ, որ նա կհաստատի Ուկրաինայում խաղաղության որոնմանը նպաստելու իր ցանկությունը։

Մենք տրամադրված ենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների։ Դրանց իմաստն այն է, որ վերացվեն հակամարտության արմատական պատճառները, հասնենք պատմական հեռանկարում երկարաժամկետ, ամուր խաղաղության հաստատմանը։ Չենք բացառում, որ այս բանակցությունների ընթացքում կհաջողվի պայմանավորվել նաև ինչ-որ նոր զինադադարների, հրադադարի նոր ռեժիմի մասին։ Ընդ որում, իրական զինադադարի մասին, որը կպահպանվեր ոչ միայն Ռուսաստանի, այլև ուկրաինական կողմի կողմից, կլիներ առաջին քայլը, կրկնում եմ, դեպի երկարաժամկետ, կայուն խաղաղություն, այլ ոչ թե զինված հակամարտության շարունակման նախերգանք՝ ԶՈւ-ի վերազինումից, համալրումից և խրամատների ու նոր հենակետերի տենդագին փորումից հետո։ Ո՞ւմ է պետք այդպիսի խաղաղությունը։

Մեր առաջարկը, ինչպես ասում են, սեղանին է։ Որոշումն այժմ ուկրաինական իշխանություններինն է և նրանց համակարգողներինը, որոնք, առաջնորդվելով, կարծես, իրենց անձնական քաղաքական հավակնություններով, այլ ոչ թե իրենց ժողովուրդների շահերով, ցանկանում են շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ ուկրաինացի ազգայնականների ձեռքով։

Կրկնեմ. Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների առանց որևէ նախապայմանի։ Հիմա ընթանում են մարտական գործողություններ, պատերազմ, իսկ մենք առաջարկում ենք վերսկսել ոչ մեր կողմից ընդհատված բանակցությունները։ Դե, ի՞նչ վատ բան կա այստեղ։

Նրանք, ովքեր իսկապես խաղաղություն են ուզում, չեն կարող դրան չաջակցել։ Ընդ որում, կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ծառայությունների, ջանքերի համար, որոնք ձեռնարկում են մեր արտասահմանյան գործընկերները, իսկ դրանք են Չինաստանը, Բրազիլիան, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի երկրները, և վերջին շրջանում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմը։

Ավարտելով, կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին նացիզմի դեմ տարած Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին։ Համոզված եմ, որ համերաշխության, համաձայնության այն ոգին, որը մեզ միավորում էր այս օրերին Մոսկվայում, հետագայում էլ կօգնի մեզ արդյունավետ համագործակցություն և գործընկերություն կառուցել հանուն առաջընթացի, անվտանգության և խաղաղության։

Օգտվելով առիթից, կցանկանայի նաև նշել լրագրողների, համաշխարհային լրատվական գործակալությունների, հեռուստաալիքների, մամուլի ներկայացուցիչների հսկայական դերը, որոնք լուսաբանում էին հոբելյանական միջոցառումները, ներկայիս բանակցությունների և աշխատանքային հանդիպումների բազմաժամյա ծրագիրը։ Նրանք շատ բան արեցին, որպեսզի աշխարհի տարբեր երկրների մարդիկ զգան Մոսկվայում ներկայիս տոնական օրերի անկրկնելի մթնոլորտը։ Իհարկե, շնորհակալ եմ ձեզ նաև այս հանդիպման համար, քանի որ այն բավական ուշ է տեղի ունենում, և, անշուշտ, բոլորն արդեն, իհարկե, հոգնել են։

Շատ շնորհակալ եմ ուշադրության համար, քանի որ արդեն Մոսկվայի ժամանակով գրեթե գիշերվա ժամը մեկն անց կես է, կամ նույնիսկ ավելին։ Աստված ձեզ հետ։

Շատ շնորհակալ եմ ուշադրության համար։ Ցտեսություն»։