ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Չինաստանի հետ «լիակատար վերաբեռնման» շուրջ բանակցություններում մեծ առաջընթացի մասին։
«Այսօր Շվեյցարիայում շատ լավ հանդիպում է տեղի ունեցել Չինաստանի հետ։ Շատ բան է քննարկվել, շատ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ «Լիակատար վերաբեռնման» շուրջ բանակցություններն անցել են բարեկամական, բայց կառուցողական մթնոլորտում։ Մենք ուզում ենք, որ ի շահ ինչպես Չինաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի, Չինաստանն ավելի բաց դառնա ամերիկյան բիզնեսի համար։ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ», - գրել է նա Truth Social սոցցանցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները մեկնարկել են շաբաթ օրը Ժնևում։
Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի տարեսկզբից սահմանած մաքսատուրքերը ներկայումս կազմում են 145 տոկոս, իսկ որոշ ապրանքների համար համախառն մաքսատուրքերը հասնում են ապշեցուցիչ 245 տոկոսի։
Ի պատասխան՝ Չինաստանը 125-տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա՝ փաստացիորեն ամրագրելով առևտրային էմբարգո աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև։
Ավելի վաղ Թրամփը հասկացրել էր, որ կարող է նվազեցնել չինական ներմուծման բարձր մաքսատուրքերը՝ սոցիալական ցանցերում գրելով, որ «Չինաստանի համար 80-տոկոսանոց մաքսատուրքը ճիշտ է թվում»։




























