ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հնդկաստանին և Պակիստանին Քաշմիրի հարցով լուծում գտնել՝ միաժամանակ հայտարարելով երկու երկրների հետ առևտրի ծավալը զգալիորեն մեծացնելու մտադրության մասին։

«Ես շատ հպարտ եմ Հնդկաստանի և Պակիստանի ուժեղ և անսասան հզոր ղեկավարությամբ այն բանի համար, որ նրանք ուժ, իմաստնություն և տոկունություն ունեցան լիարժեք գիտակցելու և հասկանալու, որ եկել է ներկայիս ագրեսիան դադարեցնելու ժամանակը, որը կարող էր հանգեցնել այդքան շատ մարդկանց մահվան և ավերածությունների։ Միլիոնավոր լավ և անմեղ մարդիկ կարող էին զոհվել։

Ձեր խիզախ գործողությունները զգալիորեն բազմապատկեցին ձեր ժառանգությունը։ Ես հպարտ եմ, որ ԱՄՆ-ն կարողացավ օգնել ձեզ ընդունել այս պատմական և հերոսական որոշումը։ Թեև սա նույնիսկ չի քննարկվել, բայց ես պատրաստվում եմ էապես մեծացնել առևտրի ծավալն այս երկու մեծ երկրների հետ։ Բացի այդ, ես կաշխատեմ ձեզ հետ՝ տեսնելու, թե արդյոք «հազար տարի» անց հնարավոր կլինի Քաշմիրի հարցով լուծում գտնել։ Թող Աստված օրհնի Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը լավ կատարած աշխատանքի համար», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցում։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ մայիսի 10-ին, Հնդկաստանն ու Պակիստանը ԱՄՆ միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն էին ձեռք բերել։ Հակամարտության նոր փուլը պայմանավորված էր Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի հետևանքով 26 մարդ էր զոհվել։

Քաշմիրյան հակամարտությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև շարունակվում է 1947 թվականից։ Այն ժամանակ Ջամմու և Քաշմիր իշխանությունը կառավարում էր մահարաջան։ Սակայն իշխանության բնակչության 77%-ը մուսուլմաններ էին։ Արդյունքում նրանք Պակիստանի տարածքից ներխուժած ցեղերի օգնությամբ հռչակեցին այսպես կոչված «Ազատ Քաշմիր» կազմավորումը։

1949 թվականին ՄԱԿ-ի միջնորդությամբ Քաշմիրը բաժանվեց երկու մասի. գրեթե կեսը բաժին հասավ Պակիստանին։

Այդ ժամանակվանից հակամարտությունը մնում է չլուծված։