Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը «լիովին հավանություն է տալիս» ԱՄՆ-ի նախաձեռնությամբ վերջերս հայտարարված Գազայի հատվածին օգնություն տրամադրելու ծրագրին, հաղորդում է Times of Israel-ը։

«Իսրայելը լիովին սատարում է Թրամփի վարչակազմի ծրագրին, որը ուրբաթ օրը ներկայացրել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին»,- հայտարարել է Սաարը Երուսաղեմում Գերմանիայի նոր արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք այս շաբաթ ակնկալվող այցի նախաշեմին, Իսրայելում Վաշինգտոնի դեսպանը հայտարարել է, որ Գազայում ԱՄՆ-ի կողմից աջակցվող օգնության բաշխման մեխանիզմը շուտով պետք է ուժի մեջ մտնի։

«Մարդասիրական օգնությունը կտրամադրվի մասնավոր հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ վարչակազմի կողմից շարադրված սկզբունքների հիման վրա։ Սա թույլ կտա օգնություն տրամադրել անմիջապես բնակչությանը։ Չի կարելի թույլ տալ, որ ՀԱՄԱՍ-ն այն իր ձեռքը վերցնի։ Պատերազմի ընթացքում Իսրայելը թույլատրել է մարդասիրական օգնության մուտքը Գազա և նպաստել է դրան։ Բայց ՀԱՄԱՍ-ը գողացել է այդ օգնությունը ժողովրդից և դրա միջոցով փող աշխատել... Ուստի մենք կդադարեցնենք այդ ջանքերը գործադրել այնպիսի եղանակով, որը կարող էր օգտագործել ՀԱՄԱՍ-ը, քանի որ դա խաթարում է Իսրայելի նպատակները այս արդարացի պատերազմում»,- ասել է Սաարը։

Ըստ նրա, Իսրայելի բանակի զինվորները օգնություն չեն բաշխի, նրանք «կպահպանեն» պարագիծը։

«Այս ծրագիրը թույլ է տալիս օգնություն տրամադրել միջազգային մարդասիրական իրավունքի և դրա սկզբունքների հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք»,- ասել է Սաարը՝ հավելելով, որ Իսրայելը «կցանկանար այս հարցում համագործակցել հնարավորինս շատ երկրների և ՀԿ-ների հետ»։

Իր հերթին Վադեֆուլը հավանություն է տվել Իսրայելի որոշմանը։

«Եթե այս ուղին ապահովի համապատասխան մարդասիրական օգնություն, ապա Գերմանիայի կառավարությունը կաջակցի դրան։ Մենք բաց ենք նման մոտեցման համար, և ես այն կքննարկեմ Միավորված ազգերի կազմակերպության հետ, հատկապես Գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, այս երեքշաբթի Բեռլինում»,- հավելել է նա։

Այս ծրագրին ծանոթ պաշտոնյաները Times of Israel-ին հայտնել են, որ Իսրայելի կառավարությունը և զինվորականները ակտիվորեն մասնակցել են դրա մանրամասների մշակմանը, չնայած այն հանգամանքին, որ նախաձեռնությունը ղեկավարելու է  նոր միջազգային կազմակերպությունը՝ Գազայի մարդասիրական հիմնադրամը, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը օգնություն չի բաշխի։ Արաբական Միացյալ Էմիրությունները մերժել են Իսրայելի խնդրանքը՝ ֆինանսավորելու նոր նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այն ուղղված չէ Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամի կարգավորմանը։