Կատարը պատրաստվում է ԱՄՆ ղեկավարությանը նվիրել 400 մլն դոլար արժողությամբ Boeing 747-8 ինքնաթիռ, որը հայտնի է որպես «թռչող պալատ», որը կօգտագործվի որպես նախագահի օդանավ։ Ներկայում այս հարցը դիտարկման փուլում է, վերջնական որոշում առայժմ ընդունված չէ, Politico-ին տեղեկացրել է ԱՄՆ-ում Կատարի մամուլի կցորդ Ալի Ալ-Անսարին։ Այդ ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պատրաստվում է ընդունել շքեղ նվերը։ Նա դա անվանել է «թափանցիկ գործարք» եւ նշել, որ այստեղ որեւէ խնդիր չի տեսնում։

Լուրն առաջացրել է Դեմոկրատական կուսակցության սուր արձագանքը։ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Թրամփին մեղադել է Սամանադրությունը խախտելու մեջ, որն արգելում է նվերներ ընդունել օտարերկրյա պետություններից՝ առանց Կոնգրեսի համաձայնության։ Սենատոր Չաք Շումերը ինքնաթիռի հնարավոր հանձնումն անվանել է «ոչ թե պարզապես կաշառք, այլ պրեմիալ օտարերկրյա ազդեցություն՝ ոտքերի համար լրացուցիչ տարածքով»։ Կոնգրեսական Ռիչի Թորեսը «անհապաղ» էթիկայի ստուգում է պահանջել։

Ի պատասխան՝ Թրամփը մեղադրել է դեմոկրատներին կոռուպցիայի մեջ։ «Այն փաստը, որ պաշտպանության նախարարությունը ստանում է անվճար Boeing 747՝ ժամանակավորապես փոխարինելու 40-ամյա Air Force One-ին շատ հրապարակային եւ թափանցիկ գործարքով, այնքան է անհանգստացնում կոռումպացված դեմոկրատներին, որ նրանք պնդում են, որ մենք ինքնաթիռի համար վճարենք առավելագույն չափով»,- ասել է նա:

ABC News-ի աղբյուրներն ավելի վաղ թերթին հայտնել էին, որ նվերի մասին ակնկալվում է հայտարարել այս շաբաթ, երբ Թրամփն այցելի Կատար, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիա եւ ԱՄԷ՝ իր երկրորդ ժամկետի առաջին արտասահմանյան այցի ժամանակ: Նրանց խոսքով՝ ամերիկացի առաջնորդը կկարողանա օգտվել օդանավից մինչեւ իր լիազորությունների ավարտը, իսկ դրանից հետո սեփականության իրավունքը կփոխանցվի նախագահական գրադարանի ֆոնդին։ Բոլոր հարակից ծախսերը կհոգան ԱՄՆ ռազմաօդային ուժերը: Պարբերականի աղբյուրները պնդել են, որ նվերը կապված չէ Թրամփի որեւէ գործողության հետ եւ հետեւաբար չի կարող կաշառք համարվել, եւ քանի որ ինքնաթիռը տրվում է ոչ թե անհատի, այլ կառավարական գործակալության, դա չի խախտում Սահմանադրությունը։

Եթե ​​լյուքս Boeing 747-8-ի հանձնումն այնուամենայնիվ տեղի ունենա, դա կլինի ԱՄՆ կառավարության երբեւէ ստացած ամենաթանկ նվերներից մեկը։ Թրամփն անձամբ զննել է ինքնաթիռը փետրվարին, երբ այն կանգնած էր Ֆլորիդայի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանում, իր Մար-ա-Լագոյի նստավայրի մոտ: