Ֆրանսիայում նշում են Ժաննա Դ’Արկի 600-ամյակը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ազգային հերոսուհին, որ Հարյուրամյա պատերազմի ժամանակ անգլիացիներին ստիպել էր հանել Օռլեան քաղաքի պաշարումը, ծնվել է 600 տարի առաջ, Մեզ գետի հովտում, Վոգեզի անտառի մոտ գտնվող Դոմրեմի բնակավայրում:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հուշատախտակ է բացելու Սուրբ Ժաննայի հարազատ բնակավայրի քաղաքապետարանի շենքին: Ի պատիվ Ժաննայի, բնակավայրն այժմ կրում է Դոմրեմի-լա-Պյուսել անվանումը: Ժաննա Դ’Արկը լույս աշխարհ էր եկել 1412թ. գյուղացի Ժակի եւ Իզաբելայի ընտանիքում: Ուրբաթ երեկոյան Օռլեանի Սենտ-Կրուա տաճարում տեղի է ունենում «թրի հանձնման» արարողությունը: Այրուձին` միջնադարյան ասպազենով ժամանում է հրապարակ, ապա Ժաննային պատկերող աղջկա գլխավորությամբ ուղեւորվում են քաղաքի կենտրոն: Ֆրանսիական այլ քաղաքներում եւս հիշատակի միջոցառումներ են կայանալու:

Հիշեցնենք, որ Ռուանի եկեղեցական դատարանը Ժաննային մեղադրել էր հերետիկոսության մեջ եւ դատապարտել ցմահ բանտարկության: Աշխարհիկ դատարանն ավելի հեռուն էր գնացել եւ պահանջել այրել նրան: Մահապատիժը կայացել էր 1431թ. մայիսի 30-ին, իսկ նրա մոխիրը նետել էին Սենա գետը: Քառորդ դար անց նրան արդարացրել էին, իսկ 1920թ. կաթոլիկ եկեղեցին Դ’Արկին սուրբ էր ճանաչել: