«Ես ողջունում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դարձել է Հանրապետական կուսակցության անդամ, որովհետեւ երկրի քաղաքական ղեկավարությունը ձեւավորել էր կառավարություն եւ կառավարության ղեկավարը` վարչապետը անկուսակցական էր»,- այսօր NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հավելելով, որ վարչապետի անկուսակցական լինելը կարող էր ինչ-որ տեղ քաղաքական մեծամասության հետ աշխատանքում բերել եթե ոչ խոչընդոտների, ապա գոնե խնդիրներ կարող էին ծագել շփումների ինտենսիվության հարցում:

«Քաղաքական մեծամասնության ձեւավորած կառավարության ղեկավարը պետք է լինի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ եւ եթե այդ հարցը լուծվել է, ապա ես ողջունում եմ դա»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ մինչեւ հիմա Տ. Սարգսյանը վատ է աշխատել ու անհրաժեշտություն է առաջացել կուսակցական վերահսկողություն սահմանել նրա վրա, Ս. Նիկոյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ սխալ է աշխատել: Ուղղակի սա եւս մեկ հարթություն է, որ մենք կարող ենք վարչապետի հետ խոսել կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության մասին»:

Ինչ վերաբերում է Տ. Սարգսյանի տարաբնույթ հայտարարություններին, կապված «հայկական աշխարհ» ստեղծելու կամ «մեր օվկիանոսը գտնելու» մասին, ԱԺ փոխնախագահը չցանկացավ դրանք մեկնաբանել, միայն ասաց. «Կուսակցության յուրաքանչյուր անդամ իր հայտարարությունների մեջ սահմանափակված է նաեւ կուսակցության գաղափարախոսությամբ ու իրականացվող քաղաքականությամբ, այդ թվում նաեւ վարչապետը: Եթե նա կուսակցական է, դա նաեւ պարտավորեցնող է: Սրանից հետո ինձ հարցեր կտաք արդեն կուսակցական վարչապետի հայտարարությունների մասին: Մինչեւ հիմա նա ազատ էր իր տեսակետներն արտահայտելու մեջ, իսկ հիմա եթե տեսնեք, որ նրա հայտարարությունները չեն համապատասխանում ՀՀԿ-ի գաղափարախոսության հետ, այդ ժամանակ դիմեք ես կպատասխանեմ»: