Անցած հանգստյան օրերին ադրբեջանական Սաբիրաբադ քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել «Կուրա» քաղաքացիական միության շտաբի անդամներ Մեհման Ալիեւին եւ Օքթայ Գյուլալիեւին:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ նրանք տարածաշրջան էին ժամանել 2010թ. Կուր եւ Արաքս գետերի հեղեղումների հետեւանքների վերացման աշխատանքը դիտարկելու համար:
Ոստիկանությունը նաեւ ձախողել է սեմինարը, որ «Կուրայի» շտաբի անդամներն անցկացնում էին տեղացիների հետ` նրանց ծանոթացնելու իրենց իրավունքների մասին: Ոստիկանությունը պատճառաբանել է, որ նրանք «խախտում են հասարակական կարգը»:
Մեկուկես ժամ ոստիկանությունում պահելուց հետո Ալիեւին եւ Գյուլալիեւին ազատ են արձակել: Ոստիկանապետը նրանց ասել է, որ պետք է նախապես դիմեին սեմինարի անցկացման թույլտվություն ստանալու համար:




























