Մայիսի 20-ից 22-ը Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ Եվրամիությունը կառաջարկի իջեցնել ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթի գնման առավելագույն գինը։ Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ Նրա խոսքով՝ ԵՄ հանձնաժողովը հարցը բարձրացրել է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում ռազմական միջամտության համար կիրառվող տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթի քննարկման ժամանակ։

Դոմբրովսկիսը չի մանրամասնել, թե Եվրամիությունը ինչ մակարդակով է մտադիր իջեցնել «գնի առաստաղը», սակայն քննարկումներին ծանոթ ԵՄ անանուն պաշտոնյաները «Ռոյթերս»-ին հայտնել են, որ մեկ բարելի համար 50 դոլար է մշակվում։ Այժմ Ռուսաստանից նավթի մեկ բարելի «գնի առաստաղը» 60 դոլար է։

Հաջորդ՝ 17-րդ պատժիչ միջոցառումների փաթեթը պետք է ընդունվի Կանադայում։ Դրա շրջանակներում պատժամիջոցների ցուցակներին կավելացվեն 75 նոր իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև այսպես կոչված «ստվերային նավատորմի» 200 նավ, որոնք ռուսական նավթ և նավթամթերք են տեղափոխում օտարերկրյա դրոշների ներքո՝ շրջանցելով գործող էմբարգոն, հաղորդում է DW-ն։ Սա ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց թիվը կհասցնի 2500-ից ավելիի, իսկ նավերի թիվը՝ 300-ից ավելիի։

Հիբրիդային գործունեության համար ԵՄ պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում կներդրվեն ոլորտային միջոցառումներ, ինչպես նաև անհատական ​​պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնությունում 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Մարդու իրավունքների խախտումների համար ԵՄ-ի կողմից սահմանված գլոբալ պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում, պատժամիջոցների ցանկում կավելացվեն Ռուսաստանից ևս 28 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Բացի այդ, նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ քիմիական զենքի օգտագործման համար։ Խոսքը զանգվածային անկարգությունները ճնշելու քիմիական միջոցների մասին է, որոնք Մոսկվան օգտագործում է որպես Ուկրաինայում պատերազմ վարելու միջոց։