Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում այսօր` հունվարի 9-ին, ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելուց մի քանի ժամ անց (նա մեղադրվում էր նույնասեռականության մեջ) երեք պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», պայթյունների հետեւանքով վիրավորվել է 2 մարդ: Պայթուցիկ սարքերի հզորությունը, որոնք ենթադրաբար պատրաստվել են տնային պայմաններում, մեծ չի եղել, հետեւաբար հնարավոր է եղել խուսափել զոհերից ու մեծ ավերածություններից:
Դեպքի վայրը շրջափակվել է, ոստիկանները այլ ռումբեր են փնտրում, որոնք, հնարավոր է, տեղադրված լինեն մոտակայքում, նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մալայզիայի Բարձրագույն դատարանը արդարացրել է նույնասեռականության մեջ մեղադրվող ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմին:
Դատարվորը մեղադրող կողմի ներկայացրած ԴՆԹ-ի նմուշները ոչ հավաստի է համարել:
Անվար Իբրահիմը առաջին անգամը չէ, որ մեղադրվում է նույնասեռականության մեջ, եւ դա խիստ խանգարում էր նրա քաղաքական գործունեությանը, քանի որ Մալայզիայում օրենքն արգելում է նույնասեռականությունը եւ դրա համար որպես պատժամիջոց կարող է կիրառվել մահակներով ծեծ եւ 20 տարվա ազատազրկում:
Մալայզիայի ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմը նույնասեռականության մեղադրանքով առաջին անգամ ձերբակալվել է 1998թ., երբ վարչապետի եւ ֆինանսների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Այն ժամանակ նա դատապարտվել էր 15 տարով: Նրան նաեւ դատել են կաշառակերության համար: 2004թ. նույնասեռականության մեղադրանքը հանվել էր, եւ նա բանտից ազատվել էր:



























