Հունվարի 10-ից «Նորվեգացի հրաձիգ», ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը այցելություններ ընդունելու իրավունք կստանա: Նրան կթույլատրեն նաեւ ռադիո լսել, հեռուստացույց դիտել եւ թերթեր կարդալ: Իլ բանտի հատկապես վտանգավոր հանցագործների բաժնում պահվող ահաբեկչին կթույլատրեն նաեւ շփվել լրագրողների հետ եւ հարցազրույցներ տալ: Բայց, դրա հետ մեկտեղ, նրա մոտ կատարվող այցերը հատուկ հսկողության ներքո կընթանան:

Նրա հետ հանդիպումները կկայանան ապակյա միջնորմի հետեւից, հսկիչների ներկայությամբ: Այցելուներին էլ մանրամասն կխուզարկեն, խուզարկությանը կներգրավվեն նաեւ ծառայողական շները, գրում է Aftenposten հրատարակչությունը:

Բրեյվիկի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել մեծ թվով անհատներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հայտնել են նրա փաստաբանները: Ա. Բրեյվիկը, որն իրեն հորջորջում է բազմամշակութայնության եւ իսլամիզմի դեմ պայքարի մարտիկ, հայտարարել է, որ հարցազրույց կտա միայն այն դեպքում, եթե հրապարակեն առանց խմբագրման եւ ցենզուրայի:

Ավելի վաղ Մամուլի նորվեգական ասոցիացիայի ղեկավար Պեր Էդգար Քոքվոլդը նորվեգացի լրագրողներին կոչ էր արել հրաժարվել Բրեյվիկի հետ հարցազրույցի գաղափարից, քանի որ դա ահաբեկչության զոհերի հարազատների համար կարող է ծանր հարված լինել:

Հիշեցնենք, 2011թ. հուլիսի 22-ին Ա. Բրեյվիկը կրկնակի  ահաբեկչություն է իրագործել, ինչի արդյունքում զոհվել է 77 մարդ, 96-ը վնասվածքներ են ստացել: Ահաբեկիչը հայտարարել էր, որ գործել է ի շահ  «Եվրոպան իսլամից փրկելու»: