Ճոպանով թռիչքը երիտասարդ ավստրալուհու համար կարող էր կյանք արժենալ: Աֆրիկայում ճանապարհորդող 22-ամյա Էրին Լենգվորտին թռել է Զամբեզի գետի վրա կառուցված Վիկտորիա-Ֆոլս կամրջից, որի բարձրությունը 111  մետր է: Կամուրջը գտնվում է Զամբիայի եւ Զիմբաբվեի սահմանին, աշխարհի ամենամեծ ջրվեժից` Վիկտորիայից ոչ շատ հեռու:

Ջրից 20 մետր բարձրության վրա ճոպանը հանկարծ կտրվել է եւ աղջիկը գլխով բախվել է ջրի մակերեւույթին: Միաժամանակ, նրա ոտքերը շարունակել են կապված մնալ, իսկ գետում վխտում էին կոկորդիլոսներն ու շնաձկները, նկարագրում է բրիտանական The Guardian-ը:

Ջրի մակերեւույթին բախվելուց հետո հրաշքով կենդանի մնացած ավստրալացի աղջիկը կարողացել է ոտքերը կապված վիճակում դուրս լողալ դեպի ափ: Հիվանդանոցում հայտնաբերել են, որ նա թեթեւ կոտրվածքներ եւ մի քանի կապտուկներ է ստացել:

Միջադեպը նկարահանվել է եւ գրավել միջազգային մամուլի ուշադրությունը:
Զամբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել փաստի առթիվ: Նրանք պնդում են, որ նման թռիչքներն անվտանգ են: Պաշտոնյաների տվյալներով, տարեկան շուրջ 50 հազար մարդ է այցելում այդ ատրակցիան: Այն գործում է արդեն 10 տարի եւ սա առաջին դեպքն է, որ ճոպանը կտրվում է: Նրանց խոսքով, միջադեպի կրկնվելու հավանականությունը աննշան է` մեկը 500 հազարից, գրում է NEWSru.com-ը: