Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 23-27-ին  եւ հստակ ուղղվածություն կունենա` մարդու իրավունքներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով`  հունվարյան նստաշրջանը հետաքրքիր է այն առումով, որ օրակարգում ընդգրկված բոլոր բանաձեւերի  նախագծերը այս կամ այն կերպ վերաբերում են մարդու իրավունքներին. «Դա, բնականաբար, ենթադրում է,  որ մեր պատվիրակությունը շատ աշխատանք ունի անելու: Ես արդեն պատրաստել եմ իմ ելույթները, հարցերը: ԵԽ Նախարարների կոմիտեում ղեկավարությունն անցնում է Մեծ Բրիտանիային, հետեւաբար,  հանդես են գալու ոչ միայն այդ երկրի վարչապետը, այլեւ արտգործնախարարը: Երկուսին էլ ես հարցեր ունեմ»,-նշեց պատգամավորը:

Նա նաեւ ասաց, որ  Մեւլութ Չավուշօղլուի երկամյա պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ցանկանում է շնորհավորել Եվրախորհրդի բոլոր անդամ-երկրներին, որոնց համար թանկ են ԵԽ հիմնարար արժեքները` մարդու իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը: «Հուսով եմ, որ ԵԽԽՎ նոր նախագահը, ի դեմս ֆրանսիացի պատվիրակ Յան Կլոդ Մինյոնի,  կազմակերպությունը կվերադարձնի իր հիմնարար արժեքներին: Հուսով եմ, որ երկակի ստանդարտները, կանխակալությունը, որի վկաները դարձանք Թուրքիայի ներկայացուցչի նախագահության ընթացքում, կմնան անցյալում»:

Պատգամավորի խոսքով` ավարտվում է նաեւ Եվրախորհրդի մարդու իրավունքների  հանձնակատար Թոմաս Համերբերգի պսաշտոնավարման ժամկետը, եւ ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ նոր հանձնակատար կընտրվի: «Արդեն 4 թեկնածու կա, եւ, կարծում եմ,  համաձայն ընթացակարգի, նրանք կհանդիպեն բոլոր, այդ թվում` հայկական պատվիրակության հետ, կներկայացնեն իրենց ծրագրերը, աշխատանքի մասին պատկերացումները»,-նշեց Զոհրաբյանը: