ԱՄՆ նոր նախագահի գրքերի նկատմամբ մեծ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել Ռուսաստանի տարբեր մարզերի պետական գրադարանները։ Պետական գնումների պորտալում Դոնալդ Թրամփի ստեղծագործությունների ձեռքբերման պատվերներ են հայտնվել, հաղորդում է «Московский комсомолец» պարբերականը։

Այսպես, Մագնիտոգորսկի (Չելյաբինսկի մարզ) քաղաքային գրադարանների միավորումը, գրականության ավանդական գլուխգործոցներից բացի, որոշել է ձեռք բերել «Մտածի՛ր չեմպիոնի պես։ Մագնատի բացահայտումները կյանքի և բիզնեսի մասին» գրքի օրինակը՝ 883 ռուբլով։ Բուն Չելյաբինսկում հետաքրքրվել են «Հակասական առաջնորդի դիմանկարը» գրքով։ «Օտարը՝ յուրայինների մեջ» գիրքը երազում են տեսնել Իրկուտսկի մարզի Սայանսկ քաղաքի գրադարանում։ Իսկ «Գործարքի արվեստը» որոշել են ուսումնասիրել Բայկոնուր տիեզերակայան-քաղաքի բնակիչները։ Թրամփի գրչին պատկանող այս բոլոր ստեղծագործությունները գրադարանները հույս ունեն ձեռք բերել 450-ից 900 ռուբլու սահմաններում։ Նմանատիպ հարցումներ են ստացվել Նովի Ուրենգոյից, Յակուտիայի Նամսկի ուլուսից և Տվերի մարզի Բեժեցկ քաղաքից։

Մշակութային հաստատությունների աշխատակիցները նշում են, որ Միացյալ Նահանգների ղեկավարի անձի նկատմամբ հետաքրքրությունն աճել է անցյալ տարվա նոյեմբերին նրա՝ ընտրություններում հաղթանակից հետո, բայց աժիոտաժային բնույթ չի կրում։ «Պարբերաբար մեզնից Թրամփի մասին ինչ-որ բան են հարցնում։ Ահա թե ինչու որոշեցինք, համենայն դեպս, գոնե մեկ օրինակ գնել նրա գրքերից»։