Հոլիվուդի Ռեժիսորների գիլդիան (Directors`Guild of America) հայտարարել է իր ամենամյա մրցանակի թեկնածուներին:
Տվյալ մրցանակի դափնեկիրները, որոնց անունները հայտնի կդառնան հունվարի 28-ին, «Օսկար»-ի արժանանալու լուրջ հնարավորություն կստանան: Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Guardian թերթը, 1948թ.-ից, երբ Ռեժիսորների գիլդիան սահմանել է իր մրցանակը, դրա դափնեկիրները 64 դեպքից 58-ում արժանացել են նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին:
Թեկնածուների ցուցակում են Վուդի Ալենը «Կեսգիշերը Փարիզում» (Midnight in Paris) ֆիլմի համար, Մարտին Կորսեզեն իր մանկական եռաչափ փորձով` «Ժամանակի պահապանը» (Hugo),Դեւիդ Ֆինչերը «Վիշապի դաջվածքով աղջիկը» (The Girl with the Dragon Tattoo), Ալեքսանդր Փեյնը «Սերունդները» (The Descendants) եւ «Ոսկե գլոբուսների» ֆավորիտ Միշել Խազանավիչուսը` «Արտիստը» (The Artist) ֆիլմով:
Խազանավիչուսի առաջադրումն ուղեկցվել է սկանդալով. դերասանուհի Քիմ Նովակը ռեժիսորին բռնության մեջ է մեղադրել:
«Ես պետք է հայտնեմ բռնաբարության մասին: Ես զգում եմ, որ իմ մարմինը կամ, ծայրահեղ դեպքում` իմ աշխատանքը բռնության են ենթարկվել «Արտիստը» ֆիլմի կողմից», -հայտարարել է դերասանուհին, որը «Օսկար»-ում քվեարկող կինոակադեմիկոսների շարքում է:
«Արտիստը» ֆիլմը սեւ-սպիտակ, համր պատմություն է Հոլիվուդի ոսկեդարի հիշողության մասին, այն արժանացել է քննադատների համընդհանուր հիացմունքին եւ առաջադրվել է տարեշրջանի բոլոր մրցանակների համար. մրցանակների թեկնածուների թվում է անգամ գլխավոր հերոսի շան դերակատար ֆոքստերիեր Ագգին (Uggie):
Հատկանշական է, որ թեկնածուների շարքում չի նշվում Կաննի հաղթող Տերենս Մալիկը` իր «Կենաց ծառով» (The Tree of Life): Ցուցակում չկա նաեւ Սթիվեն Սփիլբերգի (Stephen Spielberg) անունը` իր «Մարտաձի» ֆիլմով (War Horse), գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



























